ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հանրակրթական համակարգում և, մասնավորապես, կրտսեր դպրոցում, մայրենի լեզուն առանձնահատուկ դեր ունի մի կողմից` որպես անձի ձևավորման, երեխայի կողմից աշխարհի ճանաչման, նրա մտավոր զարգացման, ուշադրության, հիշողության, երևակայության, տրամաբանական և պատկերավոր մտածողության ձևավորման հիմնական միջոց, մյուս կողմից` որպես ուսումնական բոլոր առարկաների ընկալման և յուրացման նախադրյալ:
Տարրական դասարանների մայրենիի դասընթացը իրենից ներկայացնում է գործուն խոսքային դասընթաց, որը նպատակաուղղված է լեզվական-խոսքային միջոցների օգնությամբ աշակերտի անձի և անհատականության ձևավորմանը: Մայրենի լեզվի դասընթացը ներկայացնում է որպես երկու հիմնական մասերի ամբողջություն` ճանաչողական արժեք ունեցող լեզվական գործնական գիտելիքների և ընթերցանության նյութերի համադրումով: Կրտսեր դպրոցում լեզու ուսուցանելիս պետք է տրվեն այնպիսի առաջադրանքներ, որոնք երեխան կարող է ինքնուրույն դիտարկել, քննարկել, եզրահանգումներ կատարել, սեփական դիտարկումներով հայտնագործել: Լեզվի այդպիսի ուսուցումը համարվում է ակտիվ յուրացում, որն էլ ապահովում է ուսումնական հմտությունների ձևավորումն ու զարգացումը:
Հետազոտության նպատակը` ուսումնասիրել բառակազմություն թեման և գտնել ուսուցման այնպիսի մեթոդներ, որոնց շնորհիվ աշակերտները ոչ միայն իմանան բառերի կազմության առանձնահատկությունները, այլև` օժանդակի նաև նրանց բառապաշարի հարստացմանը:
Հետազոտության առարկան` բառակազմության ուսուցումն է մայրենիի 2-րդ դասարանի դասագրքերում:
Հետազոտության խնդիրները`
Ուսումնասիրել մայրենիի 2-րդ դասարանի դասագրքերում եղած բառակազմական վարժությունները և վերլուծել դրանք,
Գտնել բառակազմություն թեմայի ավելի հեշտ և հասկանալի ուսուցման մեթոդները, որպեսզի դրանք հասանելի լինեն տարրական դասարանների երեխաների համար,
Օրինակներով ցույց տալ, որ վերլուծություններն ու դասագրքում եղած բառակազմական վարժությունները երեխաներին օգնում են արդեն սովորած լեզվական նյութերը ամրապնդել և սովորածը գործնականում կիրառել:
Բառակազմության ուսուցումը
Բառակազմություն բառը, որպես լեզվաբանական տերմին գերծածվում է երկու իմաստով: Առաջին իմաստով նշանակում է լեզվաբանության այն բաժինը, որն զբաղվում է բառերի կառուցվածքի, բառերի կազմության օրենքների և կանոնների, լեզվի բառակազմական համակարգի քննությամբ: Մյուս իմաստով բառակազմությունը նոր բառերի կազմության գործընթացն է, լեզվի բառակազմական օրենքներով նոր բառերի կազմումը:
Բառերը կարելի է վերլուծել, բաղադրիչների բաժանել. օրինակ` հյուրասիրություններից բառը կարող ենք բաժանել հյուր-ա-սիր-ություն-ներ-ից, բանաստեղծություն-ը` բան-ա-ստեղծ-ոթյուն, գրադարանավարական-ը` գր-ա-դարան-ա-վար-ական, վերադսավորում-ը` վեր-ա դաս-ա-վոր-ում, հեռագրասյուն-ը` հեռ-ա-գր-ա-սյուն, արտասանել-ը` արտ-աս-ան-ել, կերոսականորեն-ը` հերոս-ական-որեն բաղադրիչների: Բառերի վերլուծումը բաղադրիչների պարզում է բառերի կազմը, ցույց տալիս, թե ինչ միավորներից են կազմված բառերը և դրանց տվյալ ձևերը: Եթե այդ բաղադրիչները վերցնենք առանձին-առանձին, անկախ տվյալ բառերից, օրինակ` բան, ստեղծ, դարան, ավոր, ություն և այլն, կտեսնենք, որ դրանք բոլորն էլ որոշ իմաս ունեն, իսկ այդ բաղադրիչներից որևէ հնչյուն հեռացնելու դեպքում դրանք կամ բոլորովին կզրկվեն իմաստից, կամ էլ մի ուրիշ իմաստ կունենան: Նշանակում է բառը բաղադրիչների բաժանելով մենք ոչ միայն պարզում ենք բառի կազմը, այլև ստանում ենք այնպիսի միավորներ, որոնք այլևս կազմությամբ վերլուծելի, բաժանելի չեն և տվյալ հնչյունակազմով ու տվյալ իմաստով լեզվական անբաժանելի միավորներ են: Այդ միավորները մեկական հնչյուններ են կամ մեկից ավելի հնչյունների կապակցություններ, որոնք արտահայտում են որոշ իմաստ:
Բառի կազմության մասին երեխաների ունեցած գիտելիքներն կարևոր են, որովհետև դրանք բառապաշարի հարստացման հիմնական աղբյուրն են։ Բառակազմությունից աշակերտների ձեռք բերած գիտելիքները միաժամանակ նպաստում են շրջապատող իրականության մասին նրանց ունեցած տեղեկությունների հարստացմանը, առարկաների, գործընթացների, երևույթների կապերի մասին աշակերտների պատկերացումների խորացմանը։ Կարևոր է ոչ միայն ձգտել, որ աշակերտները հասկանան բառիմաստը, այլև զարգացնել խոսքում բառը հասկանալով օգտագործելու նրանց ձեռք բերած ունակությունը։ Բառակազմության ուղղությամբ գործնական ունակությունների ձևավորումը նպաստում է նաև ուղղագրական կարողությունների մշակմանն ու դրանց հմտությունների վերածմանը։ Հայտնի է, որ հայերենի ուղղագրության ուսուցման առաջատար սկզբունքը սովորողների կողմից ձևութաբանական հիմքի գիտակցումն է։ Այդ պատճառով էլ ուսուցիչը ուղղագրական կարողությունների մշակման ուղղությամբ աշխատանքները պետք է առաջին հերթին իրականացնի՝ սկսելով բառարմատների ուղղագրության ուսուցումից։
Բառակազմական գիտելիքներն ուսուցանելիս պետք է նկատի ունենալ, որ բառի մեջ եղած բոլոր բաղադրիչները փոխադարձաբար կապված են, և յուրաքանչյուր բաղադրիչի իմաստ բացահայտվում է միայն տվյալ բառի մեջ։ Այդ պատճառով էլ տարրական դասարաններում արմատի և ածանցի մասին նախնական գիտելիքներն ուսուցանվում են փոխկապակցության մեջ և քայլ առ քայլ:
Առաջին քայլ, նախապատրաստական ուսումնասիրություններ, որոնք իրականացվում են նույնարմատ բառերի շուրջ կատարվող աստիճանաբար բարդացող վարժությունների ճանապարհով։
Երկրորդ քայլ, երեխաները համեմատությունների և վերլուծությունների միջոցով որոշում են նույնարմատ բառերի և արմատի առանձնահատկությունները։
Երրորդ քայլ, բառի մեջ արմատի դերի և նրա առանձնահատկությունների, արմատի և ածանցի՝ ուղղագրության և բառակազմության միջև գոյություն ունեցող կապի, բառերի ուղղագրության ուսումնասիրում:
Չորրորդ քայլ, բառի ձևույթաբանական կառուցվածքի մասին երեխաների ունեցած գիտելիքների ընդլայնում, խորացում, ամրակայում, բառակազմական ունակությունների զարգացում, հոլովական վերջավորությունների ուղղագրության յուրացում, բայի ժամանակային և եղանակային վերջավորությունների իմաստների գիտակցում և ուղղագրական կարողությունների ամրակայում։
Ներկայացնենք այս քայլերի ընթացքում իրականացվող աշխատանքների մեթոդիկան։ Բառակազմական նախապատրաստական ուսումնասիրություններն իրականացվում են լեզվական վարժությունների կատարման ճանապարհով՝ երեխաներին նախապատրաստելու համար նույնարմատ բառերի իմաստային և կառուցվածքային առանձնահատկությունների, դրանց փոխկապակցության ընկալմանը։ Սակայն նույնարմատ բառերի ուսումնասիրման առաջին փուլում աշակերտները հաճախ այդպիսիք են համարում միայն այն բառերը, որոնք առարկայորեն նույնանուն են (տուն-տնակ, ձուկ-ձկնիկ, շուն-շնիկ, նավ-նավակ), և նույնարմատ չեն համարում այնպիսի բառերը, ինչպիսիք են, օրինակ՝ անտառ-անտառապահ, ձյուն- ձնեմարդ և այլն։ Նրանք մասնավորապես դժվարանում են նույնարմատություն տեսնել ածանցավոր բառերի մեջ։ Այս դժվարությունները հաղթահարելու համար անհրաժեշտ է վարժություններ կատարել բառակազմական տարբեր օրինաչափությունների շուրջ լեզվական իրողությունները ներկայացնելով պարզից դեպի բարդը գնացող սկզբունքով։ Որպեսզի երեխաներն ըմբռնեն նույնարմատ բառերի միջև գոյություն ունեցող իմաստային տարբերություններն ու ընդհանրությունները, շահեկան է դրանք դիտարկել իբրև առանձին բառեր՝ առաջարկել երեխաներին դրանք օգտագործել նախադասության մեջ և կապակցված բնագրում։ Նույնարմատ բառերի ճիշտ որոշման և դրանց իմաստային նրբերանգների ընկալման կարողության ձևավորման նպատակով արդյունավետ է նկարներով կամ համապատասխան առարկաներով աշխատանքը։ Օրինակ՝ կարելի է ցուցադրել մեծ տան և փոքր տան, մեծ ձկան և փոքր ձկան, ծաղկի և ծաղկամանի, ձյան և ձնեմարդի և նման այլ նկարներ ու առաջարկել սեղանին դասավորած բառերն ընտրել և փակցնել բառիմաստին հարմար նկարի տակ։ Այսպիսի վարժությունից հետո աշակերտների համար ակնհայտ կդառնա ոչ միայն որոշ բառերի՝ նույն ծագումն ունենալու հանգամանքը, այլև դրանց իմաստային տարբերությունները։
Արմատ հասկացողությունը երեխաների մեջ ամրակայելու համար գրատախտակին գրում ենք միևնույն արմատով մի քանի բառաշարքեր.
մեծագույն մաքրագրություն արտաժամյա տարօրինակ
մեծաքանակ արտագրել ժամանակ անօրինակ
մեծություն ձեռագիր ժամացույց օրինակելի
մեծավոր գրական ժամատախտակ յուրօրինակ
ամենամեծ հեռագիր անժամանակ նույնօրինակ
մեծագին գրավոր ժամանակավոր օրինակիչ
մեծական անգրագետ ժամկոչ ինքնօրինակ
Աշակերտները դիտում են այդ շարքերը և ինքնուրույն որոշում, թե յուրաքանչյուր շարքում բառերի ո՞ր մասն է կրկնվում և ընդգծում են այդ մասը: Ապա որոշում` թե ո՞ր իմաստն է յուրաքանչյուր շարքում ընդհանուր. առաջին շարքում` մեծ, երկրորդում` գիր, երրորդում` ժամ, իսկ չորրորդում` օրինակ: Այս վերլուծությունից հետո բացատրում ենք, որ այդ շարքերի ընդգծված մասերը արմատներ են: Այնուհետև աշակերտների միջոցով տրված բառերը վերլուծում ենք բաղադրիչների`
մեծ-ա-գույն մաքր-ա-գր-ություն արտ-ա-ժամ-յա տար-օրինակ
մեծ-ա-քանակ արտ-ա-գրել ժամ-անակ ան-օրինակ
մեծ-ություն ձեռ-ա-գիր ժամ-ա-ցույց օրինակ-ելի
մեծ-ա-վոր գր-ական ժամ-ա-տախտակ յուր-օրինակ
ամենա-մեծ հեռ-ա-գիր ան-ժամ-անակ նույն-օրինակ
մեծ-ա-գին գր-ավոր ժամ-անակ-ավոր օրինակ-իչ
մեծ-ական ան-գր-ա-գետ ժամ-կոչ ինքն-օրինակ
Այս բաժանումից հետո աշակերտները հասկանում են, որ առանձնացված բաղադրիչները այլևս հնարավոր չէ բաժանել մասերի: Եթե առանձնացված բաղադրիչները բաժանենք մասերի, կզրկվեն իմաստից, կստացվեն իմաստազուրկ հնչյուններ: Եթե մեծ-ը իմաստ ունի, ապա մ, ե, ծ հնչյունները իմաստ չունեն, գիր-ը իմաստ ունի, իսկ գ, ի, ր հնչյունները իմաստ չունեն: Նշանակում է, արմատը բառի այն մասն է, որն այլևս բաղադրիչների չի վերածվում, եթե վերածենք, կզրկվի իմաստից: Դրանից հետո աշակերտների ուշադրությունը պետք է սևեռել երկրորդ շարքի ընդգծված արմատների վրա, որպեսզի նրանք համեմատեն ու որոշեն նրանց կազմության տարբերությունը. օրինակ թե ինչ տարբերություն կա գիր և գր արմատների միջև: Աշակերտների համար դժվար չէ կռահել, որ երկրորդը (գր) առաջինի (գիր) հնչյունափոխված ձևն է: Այսինքն, արմատը կարող է հանդես գալ` հնչյունափոխված և չհնչյունափոխված: Այս ամենի մեկնաբանումից հետո կարելի է կատարել հետևյալ վարժությունները:
Ջուր արմատով կազմել բառերի երկու շարք` առաջինում անհնչյունափոխ ձևով, երկրորդում` հնչյունափոխ: Օրինակ` անջուր, քաղցրաջուր, սապնաջուր, հանքաջուր, ջովաջուր, մաքրաջուր և` ջրառատ, ջրակայան, անջրանցիկ, ջրաղաց, ջրցան, ջրամբար, ջրտուն: Շարքերը կազմելուց հետո աշակերտները ընդգծում են արմատները:
Կարելի է գրատախտակի մեջտեղում գրել տալ մի արմատ և նրա չորս կողմից մասեր ավելացնելով` կազմել նոր բառեր: Օրինակ`
ներքնա ակ
ցախա ային
ան աշեն
խմբագրա տուն ազուրկ
մեծա ավարի
հացա տեսագետ
վերնա տեսություն
Արմատի մասին որոշակի գիտելիքների ուսուցումից հետո, աշակերտներին ծանոթացնում ենք բառի հաջորդ բաղադրիչին` ածանցին: Ածանցի ուսուցումը ևս շահեկան է սկսել նույնարմատ բառերի ուսումնասիրումից, մասնատումից։ Բառից արմատի առանձնացումից հետո մնացած մասերի դիտարկումը և համադրումը երեխաներին բերում են այն եզրակացության, որ դրանք, ավելանալով բառի վրա, փոխում են բառի իմաստը, նոր իմաստ են տալիս արմատին: Ածանցի բացատրությունը կարելի է սկսել օրինակներից` գրելով` արտագրել, անգույն, աշակերտական, քաղաքային, ամանեղեն, դժգոհ, ընդգծել, ուրախություն, դարբնոց, գծավոր, ապա որոշել արմատները: Արմատները գտնելուց հետո ընդգծելուց մնացած մասերը, որից հետո բացատրվում է ածանցի նշանակությունը: Գրատախտակին գրում ենք պարզ բառեր և զուգահեռ` նրանց ածանցավոր ձևերը.
գրել -արտագրել աշակաերտ- աշակերտական
գոհ-դժգոհ դարբին- դարբնոց
գծել- ընդգծել ուրախ- ուրախություն
գույն- անգույն
Ապա պահանջվում է աշակերտներից գտնել բառերի տարբերությունը, թե ինչ փոփոխություն է կրում բառը, երբ նրա վրա ածանց է ավելանում: Աշակերտները մեկ առ մեկ ուսումնասիրում են տրված բառերը և բացատրում այդ փոփոխությունները: Հետո տրվում է ածանցի սահմանումը` այն մասնիկը, որն ավելանալով բառի վրա` փոխում է նրա իմաստը, նոր բառ է կազմում, կոչվում է ածանց: Աշակերտները դիտում են ածանցները և որոշում, թե նրանք բառի որ կողմից են ավելացել և եզրակացություն անում: Նրանց համար դժվար չէ նկատել, որ ածանցները կարող են ավելանալ բառի թե′ սկզբում, թե′ վերջում: Բառի սկզբում ավելացող ածանցը կոչվում է նախածանց, իսկ բառի վերջում ավելացողը` վերջածանց: Այնուհետե մարզողական, ամրակայող և տարաբնույթ այլ վարժությունների միջոցով գործնական աշխատանք է տարվում բառի մեջ արմատների և ածանցների որոշման, տրված արմատներով և ածանցներով նոր բառեր կազմելու կարողությունների ձևավորման և ամրակայման ուղղությամբ։ Այս գործընթացը նպաստում է ոչ միայն հետագայում ձևաբանական գիտելիքների ձեռքբերմանը, այլև աշակերտների լեզվամտածողության զարգացմանը, վերլուծելու-համադրելու կարողությունների ձևավորմանը։ Օրինակ` աշակերտներին տրվում են ածանցավոր բառեր և առաջարկվում ընտրել նախածանցներն ու վերջածանցները և գրել առանձին- առանձին: Օրինակ` գյուղական, դաշտային, արտասահման, ապուշ, համահայաստանյան, ստորջրյա, անտուն, վերադարձ, թևավոր, գերագույն, վարիչ, մատնոց: Կստացվեն նախածանցներ` արտ, ստոր, ան, վեր, գեր, ապ. վերջածանցներ ` ական, ային, յան, ավոր, իչ, ոց, յա, ստան: Կամ տրվում են նախածանցներ և վերջածանցներ և առաջարկվում այդ ածանցներով նոր բառեր կազմել և այլն:
Բառակազմության ուսուցումը ըստ մայրենիի 2-րդ դասարանի դասագրքի
Մայրենի լեզվի ուսուցման բովանդակությունը կրում է համալիր բնույթ: Հիմնական միջուկը կազմում են տեքստի ճանաչողական և գեղարվեստական արժեքի ընկալումը, ապա նաև համակարգված խոսքաբանական գիտելիքները: Պակաս արժեք չեն ներկայացնում նաև դասագրքերի տեքստերի թեմատիկ ամբողջականությունը և լեզվական առաջադրանքների ուղղվածությունը:
Այսպես, նոր դասագրքերում (հատկապես ‹‹ Մայրենի 2-››-ում) չկան քերականական վարժություններ: Չնայած դրան` դասագրքում բազմաբնույթ լեզվատրամաբանական առաջադրանքները ավելի գործնական, մատչելի ու հետաքրքրաշարժ եղանակով են զետեղված:
Օրինակ` 2-րդ դասարանում բառերի կազմության մասին աշակերտների գիտելիքների ստուգման նպատակով կարելի է գրատախտակին գրել կամ պաստառներով ներկայացնել հետևյալ բառաշարքը.անտառ, տնակ, ծառ, անտառապահ: Հարց ու պատասխանի միջոցով աշակերտները նշված բառերի մասին կպարզեն ավելին, օրինակ` բառերը միավանկ են թե բազմավանկ, քանի արմատից են կազմված, ինչպիսի բառեր են ըստ կազմության և այլն: Կարելի է կազմել հետևյալ սյունակը նաև ավելացնելով նոր բառեր.
| Պարզ | Բարդ | Ածանցավոր |
| տերև | ձկնորս | գետակ |
| Անտառ | անտառապահ | տնակ |
| Ծա ծառ | գետափ | բալենի |
Նման առաջադրանքները աշակերտներից պահանջում են մտավոր բազմակի գործողություններ` ընդհանրացումներ կատարել, դասակարգել, դատողություններ անել ‹‹ կոնկրետից վերացական›› և ‹‹վերացականից կոնկրետ›› հասկացությունների շրջանակում: ‹‹Խառնագիր›› բնույթի առաջադրանքները նպաստում են երեխաների համակցական մտածողության զարգացմանը, կարդալու տեխնիկայի կատարելագործմանը, մարզում են հիշողությունը, օգնում են բառը հնչյունային (տառային) վերլուծության կարողությունների ամրապնդմանը: Խառնագրերը շատ օգտակար են կարդալու հմտությունները զարգացնելու համար: Դրանք հետագայում աստիճանաբար բարդանում են: Ընդհանրապես, յուրաքանչյուր տեսակի առաջադրանքներից տրվում են ամբողջ տարվա, նաև բոլոր տարրական դասարանների համար: Դրանց կրկնությունը և աստիճանական բարդացումը միայն կարող է արդյունք տալ:
Ներկայացնենք մի քանի օրինակ.
Խառնագիր
Բառի տառերը խառնվել են: Վերականգնի′ր բառը: Օրինակ` տկրո-կտոր:
բռա- բառ տկրո- կտոր
տկու- կուտ ետկ-կետ:
Այս խաղի մասնավոր դեպքն է ‹‹Նույնատառիկ›› բառախաղը: Այս դեպքում ելակետային բառերի բոլոր տառերով պետք է ստանալ նոր բառեր: Օրինակ, ենթադրենք, թե տրված են հասկ, մական, վիճակ, տամա, թթու բառերը: Այս բառերի բոլոր տառերով կարելի է կազմել բառեր:
Տարրական դասարաններում, ըստ պետական չափորոշիչների պահանջների, լեզվական գիտելիքները պետք է ներկայացվեն գործնական եղանակով, և դա լավագույնս արվում է լեզվատրամաբանական առաջադրանքների կիրառմամբ: Միշտ պետք է հիշել, որ լեզվական որևէ գիտելիք երեխային պետք է տալ գործնական նկատառումից ելնելով: Այդ գիտելիքը հարկավոր է որ նա ճիշտ կարդա, գրի և խոսք կառուցի:
Պարզ, բարդ, ածանցավոր բառերի ուսուցումը 2-րդ դասարանում
Պարզ, բարդ և ածանցավոր բառերի ուսուցումը բավականին բարդ թեմա է երեխաների ընկալումների շրջանակ ներմուծելու համար, գուցե դեռ վաղ: Այնուամենայնիվ, օգտագործելով խաղային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները, հետաքրքրաշարժ լեզվատրամաբանական առաջադրանքները, կհաջողվի այդ հասկացությունը այս կամ այն չափով դարձնել երեխաների սեփականությունը:
Բարդ բառերի կազմությանը երեխաները ծանոթանում են դեռևս ‹‹Այբբենարանից››: Դա առանձնապես մեծ դժվարություն չի ներկայացնում նրանց համար: Իսկ ածանց, արմատ, ածանցավոր բառ տերմինները նրանց առանձնապես ոչինչ չի տալիս:
Լեզվատրամաբանական առաջադրանքների այս համակարգը հնարավորություն է տալիս բազմակողմանիորեն ուսումնասիրելու և լեզվական գիտելիքները մատուցելու գործնական եղանակով` կիրառելով տվյալ բնագրի ընձեռած հնարավորությունները:
Կարևորվում են տեսական գիտելիքի գիտակցական յուրացումը, որը հնարվորություն է ընձեռում տեսնելու կապերը, ընդհանրացումներ անելու, զարգացնելու վերացական մտածողությունը, ունեցած գիտելիքը ոչ ստանդարտ իրավիճակներում կիրառելու կարողությունը: Դա բազմաշերտ հարցերի մի համակարգ է, որով ամփոփվում և ստուգվում է աշակերտների իմացությունը տվյալ թեմայի դասանյութերի, դրանց միջև կապերի վերաբերյալ և լեզվական գիտելիքները: Լեզվական գիտելիքները դասագրքում մատուցվում են ամենաբազմազան միջոցներով` սկսած զանազան լեզվատրամաբանական խաղերից, վերջացրած հատուկ այդ նպատակով գրված բնագրերով: Մայրենիի երկրորդ դասարանի դասագրքում լեզվական նյութերը տրվում են հետևյալ կերպ` տվյալ հասկացությունը ներմուծելուց առաջ երեխաները լեզվատրամաբանական առաջադրանքներով, խաղերով, հետաքրքրաշարժ միջոցներով, բնագրերով գործնականորեն ծանոթանում են այդ հասկացությանը, այնուհետև ‹‹Կարդա′ և սովորի′ր››, ‹‹Կարդա′ և հիշի′ր››, ‹‹Կարդա′ և իմացի′ր›› խորագրերով տրվում են տվյալ հասկացության տեսական ընդհանրացումները և ամփոփվում են երեխաների` գործնականում ստացած գիտելիքները: Երբ երեխաները կարդում են սահմանումները, դա նրանց համար յուրատեսակ ի մի բերել է դառնում գործնականորեն արդեն իմացածի, նրանք չեն դժվարանում դրանք հիշել, նրանց համար շատ հասկանալի է դառնում տեսական տարրական գիտելիքը:
Ներկայացնենք այս խորագրերի բովանդակությունը և բառակազմության վերաբերյալ դասագրքում եղած առաջադրանքներ.
Կարդա և սովորի′ր
Արմատը բառի հիմնական իմաստն արտահայտող մասն է, հիմքը: Նրա վրա կառուցվում են այլ բառեր:
Օրինակ`զանգ արմատից ունենք զանգել, անզանգ, զանգուլակ, զանգակ բառերը:
Միայն արմատից կազմված բառերը պարզ բառեր են:
Այսպիսով արմատ հասկացության բացահայտումից հետո դասագրքում տրվում են սովորածը գործնականում կիրառելու և ամրապնդելու վարժություններ, օրինակ.
Դու գիտես, որ ծառերն ունեն արմատներ, և ճյուղեր, իմացի′ր, որ բառերն էլ ունեն արմատներ և ճյուղեր` այ այսպես. (դասագրքում մայր բառը ներկայացված է ծառի տեսքով, իսկ ճյուղերը այդ բառով կազմված նոր բառերն են):
մայրաբար մայրիկ
մայրենի մայր
մայրական անմայր
Արմատի ուսուցումից հետո ուսուցանվում է ածանցը, որը դասագրքում արվում է հետևյալ կերպ.
Բառերի մեջ արմատի վերջում կամ սկզբում կարող են լինել մասնիկներ, որոնք փոխում են բառի իմաստը: Դրանք կոչվում են ածանցներ: Օրինակ` տուն- անտուն, համ-անհամ, խմոր-խմորեղեն, խոսել-խոսել, գույն-դժգույն, տես-չտես: Ածանց ունեցող բառերը կոչվում են ածանցավոր բառեր: Օրինակ ուրախ-ուրախություն, թագ-թագավոր, թագուհի, գլուխ-անգլուխ, ընկեր-ընկերական և այլն:
Ածանցի ուսուցման համար նույնպես տրված են վարժություններ.
Տրվում են միևնույն արմատից կազմված բառեր և պահանջվում է գտնել այդ արմատը, օրինակ տրված են թագավոր, թագուհի, թագավորական, ոսկեթագ, թագավորել, անթագ, անթագավոր բառերը: Երեխաների համար դժվար չէ հասկանալ, որ այստեղ բոլոր բառերում կրկնվում է միևնույն թագ արմատը:
Դասագրքում փոքր ինչ բացատրվում է հոդակապի դերը: Այսպես` ‹‹Այբբենարանում›› ա տառը սովորելիս դու ծանոթացել ես հետևյալ բառերին,
գետ ձի
դեղ տուն
արև ա ծաղիկ
սղոց ձուկ
Հետո տրվում են վարժություններ բարդ բառերի հետ կապված.
Տրվում են պարզ բառեր, դրանց ճիշտ համադրումից ստացվում են բարդ բառեր, օրինակ, ստացվում են` պատշար, կեսօր, հացաման և արևելք բառերը:
Տրվում են պարզ բառեր, որոնցից պետք է ստանալ բարդ բառեր, այս դեպքում ա հոդակապի միջոցով, այսպես, հողամաս, օրացույց, տոնածառ, դեղատուն և մայրաքաղաք:
Տրվում է որևէ պարզ բառ և մի քանի ածանցներ, որոնց համադրումով պետք է կազմել բառեր, օր.` բախտ արմատը և դժ, ան, ավոր ածանցները, ստացվում են` դժբախտ, անբախտ և բախտավոր բառերը: Կամ` պոչ արմատը և ան, ածանցներ, ստացվում են` անպոչ և պոչավոր բառերը և այլն:
Տրվում են պարզ բառեր, պահանջվում է դարձնել ածանցավոր, օրինակ` գորգ-գորգագործ, մարդ-մարդակեր, խաղ-խաղասենյակ, ձի- ձիարշավ:
Այս բոլոր լեզվատրամաբանական առաջադրանքները նպաստում են ուսուցման համար մտերմիկ մթնոլորտ ստեղծելուն: Դրանք ունեն զարգացնող բնույթ և նպատակաուղղված են հետաքրքրություն սերմանելու ուսման նկատմամբ: Հետաքրքրասիրությունը երեխայի ամենամեծ խթանն է, այն երեխաներին դարձնում է իսկական ստեղծագործող անհատներ և հնարավորություն է ստեղծում, որ նրանք հաճույք ստանան լեզվատրամաբանական առաջադրանքներ կատարելիս: Դասագրքում, որքան հնարավոր է, գիտելիքը մատուցվում է այնպես, որ դա չընկալվի որպես պարտադրանք, այլ հետաքրքիր լինի նրա համար: Դասագրքում ընդգրկված հարցերի և առաջադրանքների այս ճկուն համակարգը հնարավորություն է տալիս բազմակողմանիորեն ուսումնասիրելու բնագիրը, բացահայտելու նրա գեղարվեստական, ճանաչողական, բովանդակային, արժեքային համակարգի բոլոր շերտերը, լեզվական գիտելիքները մատուցելու գործնական եղանակով` կիրառելով տրված բնագրի ընձեռած հնարավորությունները: Դասագրքում առաջնայնությունը տրվում է լեզվի գործնական կիրառության կարողությունների զարգացմանը, իսկ տեսական գիտելիքները տրվում են այն չափով, որքանով դրանք կարող են նպաստել տվյալ խնդրի լուծմանը: Լեզվի գործնական կիրառությունը հնարավորություն է ընձեռում տեսնելու կապերը, ընդհանրացումներ անելու, զարգացնելու վերացական մտածողությունը, ունեցած գիտելիքը ոչ ստանդարտ իրավիճակներում կիրառելու կարողությանը:
Վերլուծություններն ու վարժությունները որպես բառակազմություն թեմայի ուսուցման խթան
Վերլուծություններն ու վարժությունները կարող են լինել հնչյունաբանական, ուղղագրական, բառագիտական, բառակազմական, ձևաբանական, շարահյուսական, կետադրական և ոճական: Վերլուծության կարող են ենթարկվել թե′ առանձին բառեր, հատկապես բառակազմության ուսուցման ժամանակ, թե′ բառակապակցություններ և թե′ նախադասություններ: Վերլուծությունն ունի ճանաչողական, լեզվական երևույթն ըմբռնելու, յուրացնելու նպատակ, իսկ վարժությունը` լեզվական նյութը կիրառել տալու, աշակերտի խոսքը բառերով, քերականական և աճական ձևերով ու հնարքներով հարստացնելու նպատակ: Օրինակ, երբ հեռուստացույց բառի բաղադրիչները վերլուծելով սովորեցնում ենք նրա կազմությունը հեռ- ուստ- ա- ցույց, դրանով իսկ` հայերենի բառակազմության ձևերից մեկը, ապա այդ բաղադրիչներով նոր բառեր կազմելու միջոցով աշակերտները հմտանում են բառակազմության մեջ, նրանք սովորում են, որ այդ նույն ձևով կարելի է բառեր կազմեն, իսկ երբ այդ բառերը կիրառում են նախադասության մեջ, ապա հարստանում է նրանց բառապաշարը: Հենց այսպիսի եղանակով է պետք 2-րդ դասարաններում սովորող աշակերտներին բացատրել բառի կազմության մասին, քանի որ նրանց համար կանոնների անգիր սովորելը ոչ մի դրական ազդեցություն չի ունենա: Նրանք լեզվական նյութի հետ կապված գիտելիքներ կարող են ստանալ միայն կարդացածը գործնականում կիրառելու արդյունքում, այսինքն` ինքնուրույն վերլուծություններ և եզրահանգումներ կատարելով:
Այսպիսով, վերլուծության միջոցով աշակերտը ճանաչում է բառի կազմությունը, սովորում բառակազմության ձևերը, բաղադրիչներով նոր բառեր կազմելու, հմտանում է բառեր կազմելու մեջ, իսկ այդ բառերով նախադասություններ կազմելով, շարադրություն գրելով` հարստացնում է իր բառապաշարը: Մայրենիի 2-րդ դասարանի դասագրքում ընդգրկված վարժությունները` կապված բառակազմության հետ, կօգնեն աշակերտներին որոշակիորեն պատկերացում կազմել արմատի, ածանցի, հոդակապի և վերջավորությունների մասին, իսկ հետագայում` 3-րդ և 4-րդ դասարններում այդ թեման ավելի մանրամասն է ուսումնասիրվում: Մայրենիի 2-րդ դասարանի դասագրքում կան ‹‹Բառը բառի մեջ››, ‹‹Վանկախաղ››, ‹‹Նույնատառիկներ››, ‹‹Խառնագիր››, ‹‹Աջ ու ձախ››, ‹‹Բառքամոցի›› վերնագրերով հետաքրքրաշարժ առաջադրանքներ, որոնք երեխաները հաճույքով են կատարում` համատեղելով խաղն ու ուսուցումը:
Ներկայացնենք դասագրքից դուրս բերված առաջադրանքների օրինակներ.
Բառքամոցի(տրվում է մի բառ, որի տառերով պետք է կազմել նոր բառեր).
պատմվածք- պատ, մատ, ատամ, տաք, տամա, տապ, ծամ,վատ, ամպ և այլն:
Բառը բառի մեջ (տրվում են բառեր, պահանջվում է դրանց մեջ գտնել ուրիշ բառեր).
նկար- կար, անտեսանելի- տեսնել, անտես, տեսանելի, պատճառ- պատ, ճառ, արտասանել- արտ, սան, տողադարձ- տող, դարձ և այլն:
Վանկախաղ(տրվում են բառերի խառնված վանկեր, պահանջվում է վանկերը իրար ճիշտ միացնել և ստանալ բառեր).
ա սա պա խան ռույց տաս տամ – տրված վանկերից ստացվում են ատամ, սառույց և պատասխան բառերը:
Տրվում են միևնույն արմատից կազմված բառեր, պահանջվում է գտնել այդ արմատը, օրինակ` խաղացող, խաղալ, խաղալիք, խաղիկ, խաղարան, խաղացնել: Տրված բառերի մեջ թաքնված է միևնույն խաղ արմատը:
Տրվում են պարզ բառեր, պահանջվում է դրանք դարձնել ածանցավոր, օրինակ` տանձ-տանձենի, ճուտ-ճուտիկ, խոզ-խոզուկ, հավ- հավիկ, թել-թելել, թիթեռ-թիթեռնիկ, հող-հողոտ, ջուր-անջուր, քար-քարոտ, անձրև-անձրևային և այլն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այսպիսով, մայրենիի դասընթացի բառակազմություն թեման անցնելիս պիտի նպատակ ունենալ ուսուցումն այնպես վարել, որ այն օժանդակի աշակերտի նաև բառապաշարի զարգացմանը: Բառակազմությունն անցնում են ոչ միայն նրա համար, որ աշակերտն իմանա, թե ինչ բան է ածանցը, արմատը, բարդ բառը, այլ նաև նրա համար, որ դրանցով հարստացնենք նրա բառապաշարը: Ածանցներն անցնելիս չպետք է բավարարվել ամենասովորական, աշակերտին ծանոթ օրինակներով. դրանք պետք են լեզվական երևույթը հեշտ ըմբռնել տալու համար: Բայց երբ աշակերտը սովորեց, թե ինչ բան է ածանցը, ինչ դեր է կատարում նա, պիտի անցնել նրա կիրառությանը:
Այսպիսով`գիտելիքների ուսուցումը իրականացվում է գործնական ճանապարհով` դասանյութերի և դասանյութերին հաջորդող հարցերին պատասխանելու և առաջադրանքների կատարման միջոցով: Արմատի, ածանցի պարզ և բարդ բառերի ուսուցանելու համար չպետք է բավարարվել զուտ կանոններով: Աշակերտները ոչ միայն բնագրից պետք է գտնեն և ցույց տան պարզ, բարդ և ածանցավոր բառերը, այլև բացատրել տրված բառերի իմաստները, կազմությունը, օգտագործեն դրանք նախադասությունների մեջ: Դրանով կհեշտանա նոր բառերի յուրացումը:
Այսպիսով` տարրական դասարաններում քերականական գիտելիքների ուսուցումը պիտի կրի գործնական բնույթ, ունենա լեզվական կարողությունների ձևավորման միտում և իրականացվի մայրենիի դասագրքերում զետեղված ընթերցանության նյութերի ուսումնասիրման ճանապարհով: Այդպիսի մոտեցման դեպքում քերականությունն աշակերտը դիտում է, ընդունում և սովորում է ոչ թե որպես գիտություն, դաս, այլև իբրև իր խոսքից վերցրած, իրեն հարազատ, իր կողմից ընդունված և կիրառված կենդանի երևույթի մեկնաբանություն: Միաժամանակ գիտելիքների ձեռք բերման այդ եղանակը ուսուցման գործընթացը կդարձնի ոչ միայն արդյունավետ, այլև հետաքրքրաշարժ և հաճելի` սովորողներին մղելով նոր գիտելիքների յուրացմանը միտված ինքնուրույն ուսումնական գործունեության:
Ուրեմն, որպեսզի բառակազմության ուսուցումը կրտսեր դպրոցական երեխաների համար չդառնա անհասկանալի կանոններ սերտելու գործընթաց, անհրաժեշտ է ուսումնական գործընթաց ճիշտ մշակել և կազմակերպել, այսինքն` փուլ առ փուլ, և հաշվի առնելով թե′ քերականության յուրահատկությունները, թե′ երեխաների տարիքային առանձնահատկությունները:
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
Գյուլբուդաղյան Ս. ‹‹Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա››, 2-րդ հրատ., ‹‹Լույս››, Եր., 1987
Սարգսյան Շ., ‹‹Շարահյուսական գիտելիքների ուսուցման հիմնախնդիրը տարրական դպրոցում››, ‹‹Զանգակ››, Եր., 2014
Սարգսյան Վ., Թորոսյան Կ., Գրիգորյան Ս., Խաչատրյան Հ., ‹‹Մայրենի 2-րդ դասարանի դասագիրք››, ‹‹Մանմար››, Եր., 2014
Սարգսյան Վ., Թորոսյան Կ., Խաչատրյան Հ., ‹‹Մայրենի 2-4: Ուսուցչի ձեռնարկ››, ‹‹Մանմար››, Եր., 2013
7