ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Առակը ժողովրդական բանահյուսության հնագույն տեսակներից է և առկա է գրեթե բոլոր ժողովուրդների բանավոր ստեղծագործության մեջ։ Այն այլաբանական բովանդակություն ունեցող փոքրածավալ պատմողական ստեղծագործություն է, որում հաճախ մարդկանց փոխարեն հանդես են գալիս կենդանական, բուսական աշխարհի ներկայացուցիչներ, տիեզերական մարմիններ, որոնք անձնավորված են։ Նրանց փոխհարաբերություններն այլաբանորեն ներկայացնում են մարդկային կյանքի զանազան խրատական, հաճախ երգիծական բովանդակություն։ Հայ գրավոր գրականության մեջ առակները թափանցել են միջնադարում. գիտնական, պետական գործիչ, մանկավարժ Գրիգոր Մագիստրոսն իր թղթերում օգտագործել է ամենատարբեր առակներ։
Այս բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն մեջ , այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։ Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին հիմնականում գրվել չափածո։ Առակի վարպետներ են Եզովպոսը, Ֆեդրոսը, Ժան դը Լաֆոնտենը, Իվան Կռիլովը, հայ հեղինակներից՝ Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, Խնկո Ապերը։
Ակներև է, որ շատ ստեղծագործություններ ժողովրդական ծագում ունեն, հորինվածքով և գաղափարական բովանդակությամբ արտահայտում են իրականության նկատմամբ աշխատավորության վերաբերմունքը, արտացոլում նրանց կենսափորձն ու մտածողությունը։ Այս կարգի զրույցներում քննադատվում են իշխող դասակարգի հոռի բարքերը, պալատական միջավայրն ու պետական պաշտոնյաների ներքին կյանքը, կեղծիքը, չարաշահումները, մարդկային ընչաքաղցությունն ու նախանձը։
Առակները տարրական դասարանների մայրենի լեզվի ընթերցարաններում ամենից հաճախ հանդիպող գեղարվեստական ստեղծագործություններից են: Երեխաները անչափ շատ սիրում են և հեշտությամբ էլ ընկալում ու յուրացնում են դրանք: Առակներում նկարագրված են մարդկային բնավորության գծերը, մարդկանց արարքներն ու փոխհարաբերությունները, ծաղրված են մարդկային հասարակության թերություններն ու բացերը, բայց այդ ամենը նկարագրված է փոխաբերական իմաստով՝ այլաբանորեն:
Ի՞ՆՉ Է ԱՌԱԿԸ: ԻՆՉ ՄԱՍԵՐԻՑ Է ԲԱՂԿԱՑԱԾ ԱՅՆ
Առակը բարոյախոսական, երգիծական կամ ծաղրական բովանդակությամբ պատմողական բնույթի ոչ մեծ, չափածո, իսկ երբեմն էլ արձակ գեղարվեստական ստեղծագործություն է:
Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։ Սյուժեն դեպքերի, իրողությունների սեղմ շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի սկզբում կամ մեծ մասամբ վերջում արտահայտված եզրակացությունը։ Առակի հերոսը մարդն է, ում կյանքի, բնավորության հոռի և բացասական գծերը ծաղրվում են այլաբանորեն։ Առակներում կենդանիներն ու բույսերը խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց։ Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։ Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Մեծ դժվարությամբ առակի տեսակը մուտք է գործում գրավոր գրականության մեջ։ Եվ վերջապես 12-13-րդ դարերում արդեն հանդես են գալիս հայ նշանավոր առակագիրներ Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին։ Մխիթար Գոշն առակների մեջ տեսնում է բնականաբար 2 մաս՝ բուն պատմվածքը և խրատական եզրակացությունը։ Պատմվածքը, որ նա շեշտում է առակ, գաղափար, օրինակ, եղանակ և այլ բառերով, ըստ Մխիթարի լինում է 3 տեսակ՝ բարոյական, առասպելական և ստեղծական։ Բարոյական առակները առնված են կենդանիների բարքից, բնավորությունից կամ բույսերի հատկություններից և շատ քիչ ունեն կամ բնավ չունեն գործողություն։ Առասպելական առակների մեջ պատմվածքը վերաբերում է կենդանիներին, երբեմն և բույսերին՝ իբրև գործող անձերի, իսկ ստեղծական առակներն առնված են մարդկանց կյանքից, գործող անձերը մարդիկ են։
Խրատական եզրակացությունը, որ հեղինակը կոչում է խրատ, նշանակ, ճշմարտություն և այլ բառերով, 2 տեսակ է։ «Ճշմարտությունը առակների հեղինակի համար երկու բովանդակություն կարող է ունենալ, երկու էություն՝ աշխարհական և եկեղեցական, ըստ որում նրա նպատակն է «կերպարանել»՝ պատկերացում տալ, բացահայտել, ցուցադրել, արտացոլել այդ երկու ճշմարտություններն այլաբանորեն։ Եվ քանի որ առակագրի համար էականը «ճշմարտությունն» է, ուստի առակի առասպելն այնպես է հորինվում, որ հարմարվի բարոյակրթական մասին կամ գործողությունն այնպես կարճ է պատմվում, որ երբեմն նույնիսկ խրատական մասն ավելի մեծ տեղ է բռնում, քան պատմվածքը։ Այսինքն՝ նպատակը ուսուցողական է։
Կարևորը և գլխավորն այն է, որ 12-13-րդ դարերում և հետո ամեն տեղ առհասարակ սիրում էին առակներ ու զրույցներ։ Ուստի առակների ժողովածուները դառնում էին հաճելի ընթերցանության գրքեր նաև աշխարհականների համար և զարգանում զանազան տիպերով և զանազան ծավալով։
Փաստորեն առակը՝ որպես գրական տեսակ, ստեղծվեց, քանի որ մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։ Այն դաստիարակչական նպատակ ունեցող գրական տեսակ է և օգնում է մարդուն իրական կյանքում ավելի հեշտ ապրելու. ահա այս առումով էլ առակները հին ժամանակներից մինչև այսօր սիրված են ու շարունակվում են մնալ որպես գրական տեսակ։
Առակներից կարելի է պատկերացում ստանալ միմյանց հարևանությամբ (հաճախ նույն քաղաքում) ապրող ժողովուրդների ազգամիջյան հարաբերությունների մասին Ինչպես աղվեսը, այնպես էլ մյուս կենդանիները առակներում առնված են ոչ միայն իրենց բնորոշ հատկանիշներով, այլև հաճախ հանդես են գալիս վարքի, վարմունքի տարբեր, բայց նույնպես իրենց համար բնութագրական այլ կողմերով։ Բոլոր դեպքերում նրանք այլաբանորեն անձնավորված են, ընթերցողը ի դեմս նրանց տեսնում է մարդկանց, նրանց հատկանիշների մեջ մարդկային հատկանիշներ, հարաբերությունների մեջ մարդկային հարաբերություններ։ Լավագույնները այն առակներն են, որոնք առակագրքերի մեջ են մտել ժողովրդական բանահյուսությունից։ Դրանց պատմողական մասը առավելագույն չափով հակիրճ է, ամփոփ ու հստակ և լիովին հաղորդում է առակախոսի միտքը, միտումը, հուշում գաղափարը, այնպես որ ավելորդ է դառնում մեկնությունը։
Այսպիսով, առակները սովորեցնում են մեզ մտածել,արագ կողմորոշվել, գտնել դժվարությունները հաղթահարելու ճանապարհներ...մտորել կյանքի իմաստի շուրջ,ուղղել սխալներ....Առակներին բնորոշ է տարաժամ լինելը....այսինքն «ժամանակներից դուրս են գտնվում»...թերևս դա պայմանավորված է նրանով ,որ հեքիաթների նման առակներն էլ ավելի շատ ուղղված են մեր զգացմունքներին, ներըմբռնողականությանն ու երևակայությանը:
Առակը դիդակտիկ-այլաբանական գրական ժանր է ,ունիվերսալ երևույթ համաշխարհային բանահյուսության մեջ: Առակն իր մեջ ներառում է բարոյախրատական և կրոնական խորը իմաստություններ...
Ավ. Իսահակյան ‹‹ Արջն ու օձը›› առակի ուսուցումը 4-րդ դասարանում:
ԴԱՍԻ ՊԼԱՆ
Դասի թեման` Ավ. Իսահակյանի ‹‹Արջն ու օձը›› առակը
Դասի նպատակները`
Կկարողանան արտահայտիչ, սահուն ընթերցել բնագիրը
Կկարողանան վերարտադրել առակի բովանդակությունը
Կամրապնդեն լեզվական գիտելիքները
Դատողություններ կանեն հիմնական գաղափարի շուրջ
ԴԱՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝
• Արտահայտիչ ընթերցելու կարողության զգացում:
• Ընտրովի ընթերցանությամբ առաջադրված հարցերին պատասխանելու կարողություն:
• Առակից առանձնացնել հենակետային բառերը, պլան կազմել` վերարտադրելու կարողության զարգացման նպատակով:
• Զույգերով աշխատանք` տրված լեզվական առաջադրանքները կատարելու նպատակով:
• Դատողություններ կանեն առակի վերջին հատվածի շուրջ:
Խթանման փուլ` Մտքերի տարափ` առակ:
Շրջանակի մեջ գրվում է բառը, աշակերտներն ասում են այդ բառի հետ կապված բառեր, որոնք գրվում են շրջանակից դուրս եկած ճառագայթների վրա: Այնուհետև աշակերտները, օգտագործելով ճառագայթների վրա գրված բոլոր բառերը, տալիս են առակի սահմանումը: Այն է՝ առակը բարոյախոսական, երգիծական կամ ծաղրական բովանդակությամբ պատմողական բնույթի ոչ մեծ, չափածո, իսկ երբեմն էլ արձակ գեղարվեստական ստեղծագործություն է, որտեղ ներկայացված են մարդկային բնավորության գծերը և թերությունները այլաբանորեն :
Իմաստի ընկալման փուլ`
ա/ նախապատրաստական զրույց առակի մասին
Նախապատրաստական զրույցի ժամանակ աշակերտների հետ հարց ու պատասխանի միջոցով լրացվում է առակի մասին նրանց ունեցած գիտելիքների բացը: Երեխաները իմանում են, որ հնում առակները գրվել են հիմնականում արձակ ձևով. ինչպես օրինակ՝ Եզոպոսի, Մխիթար Գոշի, Վարդան Այգեկցու առակները: Առակները իրենց ժանրային առանձնահատկություններով նման են ինչպես պատմվածքին, այնպես էլ հեքիաթին: Դրանց մեջ ծաղրված են հասարակության թերությունները՝ կենդանիների և բույսերի փոխհարաբերության միջոցով:
բ/ Առակի ընթերցում ուսուցչի կողմից. սկզբում ուսուցիչը կարդում է ամբողջ առակը այստեղ ներկայացված է Ավ. Իսահակյանի ‹‹Արջն ու օձը›› առակը
Ինչպես եղավ, որ մի անգամ Հանկարծ օձը՝ ոլոր- մոլոր
Արջն ու օձը դարձան ընկեր, Եկավ, ասես, գաղտագողի:
Ընկեր դարձան ու բարեկամ։ Վախն ու կասկածն առավ արջին,
‹‹Մեկս քնի, Մեկս հսկի, Ելավ կանգնեց նստած տեղում:
Իրար շահենք, ‹‹Ես ծուռումուռ գնացողին,
Իրար պահենք, Ընկեր լինի, թե կաթնախպեր,
Ընկերովի կյանք վայելենք››։ Չ՚է, չեմ սիրում, ես չեմ ուզում››:
Այսպես ասին, երդվեցին, Գոռաց այսպես և թաթն ուժգին
Իրար ազնիվ խոսք տվեցին, Դրեց, սեղմեց օձի գլխին
Օձը՝ արջին, արջը՝ օձին։ Ու մյուս թաթն օձի մարմնով
Անցավ այս կերպ մի ժամանակ։ Մինչև պոչը քաշվեց թաթով:
Եվ շարունակ Ապա մոտիկ հոսող գետին
Երկու ընկեր սիրով, սրտով Հանձնեց օձի անկենդան դին:
Նստան, ելան ու քուն մտան Եվ նայելով ջրերի հետ
Կարգով, հերթով։ Նետի նման սուրող օձին՝
Սակայն օձի սողքը բեկ-բեկ Գոհ մրթմրթաց բեղերի տակ.
Դուր չէր գալիս արջին երբեք։ ‹‹Ա′յ, ընկերը էսպես շիտակ
Ու մի օր էլ արջը ժայռին Պիտի լինի,
Թիկն էր տվել արևկողի, Դե′հ, շիփ-շիտակ գնա′ հիմի››:
գ/ այնուհետև աշակերտները մաս-մաս կարդում են Ավ. Իսահակյանի ‹‹Արձն ու օձը›› առակը, բացատրում անհասկանալի բառերի բացատրությունը:
դ/ Մասերի վերնագրում. կարելի է դասարանը բաժանել մի քանի խմբերի (կախված աշակերտների քանակից)և հանձնարարել տվյալ առակը բաժանել երկու մասի և առանձին-առանձին վերնագրել :
ե/ հաջորդիվ աշակերտները վերլուծում են առակը ըստ առանձին մասերի, բովանդակության և ձևի պատմում են միմյանց, վեր են հանում նրա բարոյախոսությունը և մտածում են, թե ինչպես ներկայացնեն առակի գաղափարը /բեմադրություն, երգ, առած-ասացվածք, նկարել և այլն/: Կարելի է առակը բաժանել հետևյալ մասերի՝
Ինչպես եղավ, որ մի անգամ
Արջն ու օձը դարձան ընկեր,
Ընկեր դարձան ու բարեկամ։
“Մեկս քնի, մեկս հսկի,
Իրար շահենք,
Իրար պահենք,
Ընկերովի կյանք վայելենք”։
Այսպես ասին, երդվեցին,
Իրար ազնիվ խոսք տվեցին,
Օձը՝ արջին, արջը՝ օձին։
Անցավ այս կերպ մի ժամանակ։
Եվ շարունակ
Երկու ընկեր սիրով, սրտով
Նստան, ելան ու քուն մտան
Կարգով, հերթով։
Այս հատվածը կարելի է վերնագրել. ‹‹Արջի և օձի ընկերությունը››, աշակերտների տրված պատասխաններից ընտրում ենք այն վերնագիրը, որը ավելի շատ է համապատասխանում նյութի բովանդակությանը:
Առակի մնացած մասը կարելի է վերնագրել ‹‹Ընկերության վերջը››.
Սակայն օձի սողկը բեկ-բեկ
Դուր չէր գալիս արջին երբեք։
Ու մի օր էլ արջը ժայռին
Թիկն էր տվել արևկողի,
Հանկարծ օձը՝ ոլոր-մոլոր
Եկավ, ասես, գաղտագողի։
Վախ ու կասկածն առավ արջին,
Ելավ կանգնեց նստած տեղում։
“Ես ծուռումուռ գնացողին,
Ընկեր լինի, թե կաթնախպեր,
Չէ՜, չեմ սիրում, ես չե՜մ ուզում”։
Գոռաց այսպես և թաթն ուժգին
Դրեց, սեղմեց օձի գլխին
Ու մյուս թաթն օձի մարմնով
Մինչև պոչը քաշեց թափով.
Ապա մոտիկ հոսող գետին
Հանձնեց օձի անկենդան դին։
Եվ նայելով ջրերի հետ
Նետի նման սուրող օձին՝
Գոհ մրթմրթաց բեղերի տակ.
“Ա՛յ, ընկերն էսպես շիտակ
Պիտի լինի.
Դե՛հ, շիփ-շիտակ գնա՛ հիմի”։
զ/ Այժմ ամեն մի խմբին տրվում է երեք րոպե ժամանակ` ներկայացնելու իրենց սովորած առակը, նրա բարոյախոսությունը:
է/ Կերպարների բնութագրում, հիմնական մտքի որոշում. այս փուլում երեխաները բնութագրում են արջին և օձին, տալիս են տվյալ առակի հիմնական գաղափարը, օրինակ ՝ ընկերության մեջ պետք է շիտակ լինել, չխաբել միմյանց և իրարից թաքուն ոչինչ չձեռնարկել:
Աշակերտներից մեկը ընտրվում է իբրև ուսուցիչ՝ գնահատելու համար խմբերի աշխատանքը:
Ուսուցիչը գնահատում է նախապես ընտրված աշակերտներին կամ լավագույն պատասխանները :
Կշռադատման փուլ`
ը/ Եզրափակիչ զրույց. հարցերի միջոցով ամփոփվում է նոր սովորած առակը, թե ի՞նչ է առակը, ովքեր էին մեր առակի հերոսները, ինչպիսին պետք է լինեն ընկերները և ի՞նչ առածներ կարելի է հիշել տվյալ առակի մտքի վերաբերյալ: Եվս մեկ անգամ տրվում է առակի բացատրությունը, մեր առակի հերոսներն էին՝ արջն ու օձը, բացատրվում է, որ իսկական ընկերությունը պետք է հիմնված լինի առաջին հերթին ազնվության և վստահության վրա: Երեխաներին բացատրվում է, որ տվյալ առակի բարոյախոսությունը ներկայացված է վերջում: Այն արջի հետևյալ խոսքերի մեջ է՝ “Ա՛յ, ընկերն էսպես շիտակ պիտի լինի.
Դե՛հ, շիփ-շիտակ գնա՛ հիմի”։
Տվյալ առակի հետ կապված կարելի է մեջ բերել հետևյալ առածները , օրինակ՝ ‹‹ Օձն իր շապիկը կփոխի, բնույթը չի փոխի›› , ‹‹Ընկեր ընտրիր առանց շտապելու: Առավել ևս մ′ի շտապիր փոխել նրան›› կամ ‹‹Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է›› և այլն:
Տնային աշխատանք՝ Ավ. Իսահակյանի Արջն ոջ օձը առակի բովանդակության վերարտադրում, փոխաբերական մտքի բացատրում և հորինել առակ` մինչև այս սովորած առակներից որևէ մեկի բարոյախոսությամբ:
ԱՄՓՈՓՈՒՄ
Այսպիսով, առակը խրատական բնույթի փոքրածավալ գեղարվեստական ստեղծագործություն է: Առաջացել է ժողովրդական բանահյուսության մեջ, հետո սկսել է մշակվել առակագիր գրողների կողմից:
Տարրական դասարանների երեխաների համար անչափ սիրելի են այդ փոքրածավալ բարոյախրատական ստեղծագործությունները, քանի որ առակներում հանդես են գալիս ինչպես մարդիկ, այնպես էլ կեեդանիներ, բույսեր: Նրանց միջոցով ծաղրվում են մարդկային վատ սովորույթները, գովաբանվում առաքինությունները: Այլաբանորեն գործածվելով` շատ կենդանիներ վերածվել են խորհրդանիշների, օրինակ առյուծը` քաջության, հզորության, աղվեսը` խորմանկության, էշը` հիմարության և այլն: Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմուքը՝նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Սրանք խրատական-ուսուցողական բնույթի ստեղծագործություններ են, որոնք ժամանակաշրջանի բարոյական ըմբռնումների դիտակետից արձագանքում են կյանքի խնդիրներին, շոշափում չարի ու բարու, խելքի և իմաստության, հասարակության տարբեր դասակարգերին պատկանող մարդկանց վարքի, հոգեբանության, ապրելակերպի հարցերը, բացահայտելով իրականության, տիրապետող սոցիալական հարաբերությունների ճշմարտացի պատկերը։ Զրույցներում այս ամենը մեծ մասամբ արտացոլված է ժամանակի առաջադեմ աշխարհայեցողության դիրքերից, խոհա-փիլիսոփայական լրջությամբ, դրամատիկ կամ զավեշտական լուծումներով։
Որպեսզի տարրական դասարանների երեխաների համար առակի ուսուցումը, եզրակացության մեկնաբանությունը ավելի մատչելի լինի իսկ յուրացումը ավելի կայուն ու խոր, այդ նպատակով այն կարելի է լրացնել համապատասխան առածներով և ասացվածքներով, որոնք առակի միտքն են արտահայտում ավելի պարզ ու անմիջական կերպով: Այս կերպ զարգանում է երեխաների տրամաբանական մտածողությունը, խոսքը դառնու է պատկերավոր, կոնկրետ ու դիպուկ:
7