Գործնական աշխատանք
Եղիշե Չարենց
Թեմա՝
Առարկա ՝
Գրականություն
Զալիկո Արղամանյան
Աշակերտ՝
Ուսուցիչ՝
Կարինե Պողոսյան
Եղիշե Չարենց
Կենսագրություն
Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, Կարս էին գաղթել Իրանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալով պատճառով։
1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը։ 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան». նա արդեն հանդես էր գալիս «Չարենց» գրական ազգանվամբ։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան։
1915 թվականին Հայկական կամավորական 6-րդ ջոկատը, թուրքերի դեմ կռվող ռուսական բանակին միանալու համար, անցնում էր Վանա լճից հյուսիս-արևելք գտնվող Թափարիզ լեռան վրայով։ Լեռան կատարին՝ ձյուների մեջ, սառած-ընկած էին ծերերի, կանանց, երեխաների դիակներ... Տարերայնորեն գումարված միտինգում ելույթ ունեցավ նաև վտիտ մարմնով կարսեցի մի կամավորական։ Զինվորական համազգեստը մեծ էր նրա վրա, բայց խոշոր, սև աչքերում այնպիսի կրակներ էին վառվում, որ ոչ ոք չէր նկատում հագուստի անհամապատասխանությունը։ Այդ զինվոր-հռետորը ապագա մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցն էր (Սողոմոնյան)։ Տեսածի, ապրածի ու զգացածի յուրահատուկ արտահայտությունը հետագայում դարձավ բանաստեղծի «Դանթեական առասպել» պոեմը, որը 1914-1918 թվականների համաշխարհային պատերազմի առաջին և ամենացնցող արձագանքն է հայ գրականության մեջ։ Այս պոեմը առաջին գրավոր հիշատակություններից է Հայոց եղեռնի մասին։
Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։ Հայրենիքին պիտանի լինելու մղումով 1919 թվականի աշնանը նա ուսուցչություն է անում Կարսի մարզի Բաշքյադիկլար գյուղի դպրոցում։
Չարենցի անունը նրան արժանի բարձր գնահատականով ներկայացնելու պատիվը վիճակված էր խոշորագույն քննադատ, Հանրային կրթության և արվեստների նախարար Նիկոլ Աղբալյանին, որն էլ հայ գրական ընկերության անդրանիկ նիստերից մեկը 1919 թվականի հոկտեմբերի 18-ին նվիրեց Չարենցի ստեղծագործությանը։ Բանաստեղծը թեև ներկա չէր երեկոյին, բայց տեղեկացավ գրական այդ իրադարձության մասին։ 1920 թվականի հունվար-մայիս ամիսներին Աղբալյանին ներկայացած բանաստեղծն աշխատանքի է նշանակվել Աղբալյանի ղեկավարած նախարարությունում, որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար։ 1920-1921 թվականներին Չարենցին վերստին տեսնում ենք ուսուցչի պաշտոնում։ Այս բարդ ու հարափոփոխ ժամանակների ծնունդն են նրա «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները՝ գրված 1920 թվականին։
1920 թվականի նոյեմբերին՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո, Լուսավորության ժողովրդական կոմիսարիատում նա ստանձնում է արվեստի բաժնի վարիչի պաշտոն և աշխատում մինչև 1921 թվականի մայիսը։ 1920-ական թվականների առաջին տարիները ևս բուռն շրջան են նրա թե՛ գրական, թե՛ անձնական կյանքում։ Մեկը մյուսի հետևից գրում է «Էմալե պրոֆիլը Ձեր», «Փողոցային պչրուհուն» շարքերը, «Ամենապոեմ», «Չարենցնամե» պոեմները, շարադրում «Երկիր Նաիրի» վեպը։ 1921 թվականի մայիսին ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ, ում հանդեպ տածում էր անսահման սեր ու գորով և ում հետագայում պիտի կոչեր «հերոսական կին և բարեկամ»։ Արփենիկի հետ էլ նա մեկնում է Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում լրացնելու կրթության պակասը։ Սակայն նրա անհանգիստ ոգին չէր կարող տեղավորվել ուսանողական նստարանին։ Կյանքը հոսում էր, գրական գործը՝ եռում։ 1922 թվականին Մոսկվայում նա լույս է ընծայում իր երկերի երկհատոր մեծադիր ժողովածուն, որ ինքնին երևույթ էր այդ տարիների հայ կյանքում։ 1922 թվականի «Երեքի» դեկլարացիայից հետո նա փաստորեն դառնում է նորագույն շրջանի հայ գրականության առաջնորդը։
Աշխարհաճանաչողությունն ընդարձակելու նպատակով, շնորհիվ գրականագետ Հարություն Սուրխաթյանի, 1924 թվականի նոյեմբերի 20-ին Բաթումից Չարենցը մեկնում է արտասահմանյան շրջագայության։ Լինում է Տրապիզոնում, Կ.Պոլսում, Աթենքում, Հռոմում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում։ 1925 թվականի հուլիսի 31-ին վերադառնալով Երևան՝ նա ստանձնում է նոր կազմավորված «Հոկտեմբեր» գրական միության ղեկավարությունը՝ այն վերանվանելով «Նոյեմբեր»։ Բռնկուն և ազատ տարերքի ստեղծագործող էր Չարենցը։ Այդ տարերքը երկնում էր հանճարեղ գործեր։ Հոգեկան այդ լարված կացության մեջ սիրային մի արկած Չարենցի համար ունենում է տխուր վերջաբան։ 1926 թվականի սեպտեմբերի 5-ին նա ձերբակալվում և հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ Աբովյան փողոցում հոգեկան անհավասարակշիռ կացության մեջ Չարենցը ատրճանակով կրակում և վիրավորում է Մարիաննա Այվազյան անունով մի գեղեցկուհու, որի հանդեպ նախապես ունեցել էր բուռն զգացմունքներ։
Եղիշե Չարենցի հայրը
Բարեբախտաբար, Չարենցը վրիպում է և սոսկ թեթև քերծվածք պատճառում այդ աղջկան, որը կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քույրն էր։ Այդ արկածից որպես հիշատակ մնում է «Երևանի ուղղիչ տնից» հուշ-ակնարկը։ 1927 թվականին մահանում է Չարենցի կինը։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել։ Մահվան հաջորդ օրն իսկ այրել է հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները, որոնք սիրով ու գուրգուրանքով բերել էր արտասահմանից։ Այրել է, որպեսզի ուրիշի ձեռքը չընկնեն, և դրանով իսկ չնսեմանա սիրելիի հիշատակը։ Իսկ որպես թանկարժեք մասունք՝ իր խնդրանքով քանդակագործ Արա Սարգսյանը հանել է Արփիկի գիպսե դիմակը և ձեռքի կրկնօրինակը։ Դրանք պահվում են բանաստեղծի տուն-թանգարանում։ Այդ օրերին էլ Չարենցը նախաբազկին է դաջել Արփիկի մահվան տարեթիվն ու նրա անունը։ Արփիկի մահից հետո՝ մինչև հարազատների մոտ՝ Մայկոպ մեկնելը, Չարենցը մեկուսացել է շրջապատից, օրեր շարունակ փակվել իր սենյակում և գրել «De profundis» վերնագրով պոեմ, որ հոգեհանգստի աղոթքի տրամադրություններ է ունեցել։
1932 թվականին լրանում է Չարենցի գրական գործունեության 20 տարին։ Գրողների միությունը որոշում է նշել այդ հոբելյանը, ինչն այդպես էլ չի նշվում։ 1934-ին Չարենցը մասնակցում է ԽՍՀՄ գրողների առաջին համագումարին։ 1935 թվականից սկսած՝ Չարենցի դեմ ուղղված հալածանքներն ավելի են խորանում։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և գրողների միությունից։ 1936 թվականի սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկվում է տնային կալանքի, նույնը վերջնականապես պարտադրվում է նոյեմբերի 9-ին։ Հայտնի է նաև, որ այդ օրերին գրազի համար մի գիշերում Չարենցը գրել և հաջորդ օրը պատռել է վեց տասնյակից ավելի քառյակ։ 1936 թվականից ավելի ուժգնացած հալածանքների օրերին Չարենցը մեկուսացած կյանք է վարում։ Նա սպասումների մեջ էր։
1936 թվականի հունիսի 20-ին Անդրերկրկոմի ղեկավարության հետ Խանջյանը սկսում է բանակցություններ վարել, որպեսզի Չարենցին թույլատրեն մեկնել արտասահման՝ բուժման նպատակով։ Սակայն Խանջյանի դավադիր սպանությունը ձախողում է Չարենցի մեկնումը։ 1937 թվականի նոյեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 7։00-ին, Կենտրոնական բանտի հիվանդանոցում, օրեր շարունակ տևած անգիտակից վիճակից հետո, բոլորից լքված ու անօգնական՝ իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը՝ ժամանակի մեծագույն բանաստեղծը։ Մարտի 13-ին լրացել էր նրա 40 տարին։ Տարիներ շարունակ տևած այս դաժան ողբերգության գլխավոր դեմքը արյունաքամ և ուժասպառ հեռացավ աշխարհից։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 28-ին, կատարեցին դիահերձում։ Արձանագրության մեջ ասված է. «Քննության է դրված տղամարդու դիակ, միջինից ցածր հասակով, խիստ նիհարած։ Ձախ նախաբազկի արտաքին մակերեսին եղել է դաջված. «1927 թվականի հունվար, Ա.Չ»։ Անջինջ գրերով բանաստեղծը մարմնի վրա արձանագրել է իր մեծ սիրո՝ Արփենիկ Չարենցի մահվան թվականը։
Գրական անուն
Եղիշե Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում, և որի արմատները թույն են արտադրում։ 1921 թվականից «Չարենց» գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ «Չարենց» անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։
Անձնական կյանք
1920-1921 թվականներին Եղիշե Չարենցն ապրում էր իր կյանքի ամենաբուռն օրերը։ Այդ աննախադեպ եռուզեռը նրան պարտադրել էր ոչ միայն ազգային, քաղաքական և հանրային կյանքը, այլև անձնական ճակատագիրը։
Ես արդեն անցել եմ ճանապարհը Երկրային բոլո՜ր հույզերի...
Արտաքուստ բարեկիրթ, անգամ սառը, բայց ներքուստ վարար ու կրքոտ սեր է նա տածել բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանի հանդեպ, որը նրանից մեծ էր տասը տարով։ Ա. Տիգրանյանին ձոնած գալանտ երգերը՝ «Էմալե պրոֆիլը Ձեր» խորագրով, տպագրվել են մամուլում 1921 թվականին և երկերի ժողովածուի առաջին հատորում՝ 1922 թվականին։ Չարենցի սերն ամենևին անպատասխան չի եղել։ Այդ մասին են վկայում 1964 թվականին տպագրված բանաստեղծությունների ձեռագիր թերթիկները, որոնք նախկինում պահվել են Ա. Տիգրանյանի մոտ։ Այդ թերթիկների հակառակ երեսին ոչ Չարենցի ձեռքով գրված է երկու բանաստեղծություն։ Ամենայն հավանականությամբ դրանց հեղինակը Արմենուհի Տիգրանյանն է։
Հայտնի է Չարենցի սերը բանաստեղծուհի Լեյլիի (Փառանձեմ Սահակյան Տեր-Մկրտչյան) հանդեպ, որը նրանից մեծ էր տասներեք տարով։ Նրան ևս Չարենցը նվիրեց բանաստեղծությունների առանձին մի շարք՝ «Փողոցային պչրուհուն», որը ևս տպագրվեց երկերի ժողովածուի առաջին հատորում 1922 թվականին։ Ի դեպ, այդ շարքը Չարենցը գրել է Լեյլիի ալբոմում, որը սկսվում է Արմենուհի Տիգրանյանի ձեռքով գրված «Նորը լավ է, քան թե հինը...» եռատուն բանաստեղծությամբ՝ թվագրված 1919, ապրիլի 13, Թիֆլիս։ Սա նշանակում է, որ Արմենուհին և Լեյլին մտերիմներ են եղել, որոնց ընդհանուր մտերմությունը վայելել է և Չարենցը։ Նշենք նաև, որ Արմենուհին կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի քույրն է։
Աստղիկ Ղոնդախչյանը եղել է Չարենցի առաջին սերը, ում էլ նվիրել է «Երեք երգ տխրադալուկ աղջկան»]ժողովածուն։ Աստղիկը եղել է երաժիշտ և սովորել է Կարսի, Թիֆլիսի երաժշտանոցներում։ Չարենցը շատ մտերիմ էր նաև Աստղիկի հորեղբոր տղաների հետ։
Կարինե Քոթանճյանի հետ մտերմությունը եղել է ոչ միայն անձնական, այլ նաև ստեղծագործական։ Նրան է նվիրել «Ծիածան» շարքը։ 1917 թվականի մարտին Չարենցը հեռանում է Մոսկվայից՝ կայարանում կարդալով Կարինեի համար գիշերը գրված բանաստեղծությունը՝ «Հեռացումի խոսքեր»։
Լյուսի Թառայանի նկատմամբ Չարենցը նույնպես անտարբեր չի եղել։ Նա եղել է դերասանուհի, ապրել է Բաքվում։ Չարենցը և Լյուսի Թառայանը հանդիպել են 1918 թվականին՝ շատ կարճ ժամանակ։ Չարենցն իր «Չարենցնամե» պոեմում գրել է. «Ես երբեք չեմ մոռանա, Թառայա՛ն»։ Նրա «Բրոնզե քույր իմ, բրոնզե հարս» բանաստեղծությունը նույնպես նվիրված էր Լյուսիին։ 1930-ական թվականներին՝ կնոջ մահից հետո, Չարենցը մտադրվում է ամուսնանալ։ Թեկնածուների մեջ էր նաև այն տարիների Երևանի գեղեցկատես կանանցից մեկը՝ Արաքսյա Մանուկյանը, որով հետագայում գերվել է նաև Ավետիք Իսահակյանը։ Այդ կինը 1930 թվականի սկզբին կորցրել էր ամուսնուն՝ Ստեփան Մանուկյանին, որի աճյունը հիմա հանգչում է Կոմիտասի անվան պանթեոնում ՝ Հովհաննես Հովհաննիսյանի կողքին։
Ամբողջ կյանքի ընթացքում, սակայն, Չարենցը չի մոռանում իր առաջին կնոջը՝ Արփենիկ Տեր-Աստվածարյանին, որը ծնվել էր 1888 թվականին Նախիջևանում։ Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Գայանյան ուսումնարանում, ապա ուսումը շարունակել է Մոսկվայի ուսուցչական համալսարանում։ 1920 թվականին գալիս է Երևան և աշխատանքի անցնում հատուկ խնդիրներ ունեցող երեխաների ամերիկյան որբանոցում։ Այստեղ էլ կայանում է Չարենցի հետ նրանց հանդիպումը, և մեկ տարի անց նրանք ամուսնանում են։
Արփենիկին Չարենցը սիրել է մեծ սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։ Արփիկը հոգեկան նեցուկ է եղել Չարենցին և սատար կանգնել նրան մշտապես։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել։ Կնոջ հուղարկավորության ժամանակ ամբողջ ճանապարհին, որ ձգվել էր դեպի ներկայիս Կոմիտասի այգին, այսինքն՝ նախկին Մլեր կոչված գերեզմանոցը, կյանքից հուսահատ ու ցավից տառապագին Չարենցը գոռացել է ու ողբացել։ Գերեզմանափոսի մոտ կանգնած դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը։ Ոմանք պատմում են, որ Արփիկի դագաղում՝ ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը բանաստեղծություններ է թաղել։ Այդ սերը հետագայում շատ է ներշնչել բանաստեղծին։ «Էպիքական լուսաբացը»՝ «Նվիրում եմ գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին» ընծայագրով ձոնել է նրան։ Գրքում Արփենիկի հիշատակին նվիրված է նաև երկու սոնետ՝ «Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսական ընկեր», «Մենք ապրեցինք քեզ հետ մի վիթխարի դարում»։ Նրան է ձոնել նաև «Տաղարան» ժողովածուն։
1931 թվականի սեպտեմբերի 29-ին Չարենցը պաշտոնապես գրանցում է ամուսնությունը Իզաբելլա Կոդաբաշյանի հետ։ Իզաբելլան Չարենցին պարգևում է երկու դուստր՝ Արփենիկը և Անահիտը։ 1932 թվականին ծնվում է Արփենիկը, 1935 թվականին՝ Անահիտը։ Արփենիկին ասել է Բոժիկ՝ փոքրիկ աստվածուհի, իսկ Անահիտին՝ Ադոկ՝ ասորափռյուգիական մեռնող ու հարություն առնող Ադոնիս աստծո անունով։
Ստեղծագործություններ
1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող բանաստեղծությունը, իսկ 1914 թվականին արդեն «Եղիշե Չարենց» ստորագրությամբ լույս է տեսնում 17-ամյա պատանու «Երեք երգ տխրադալուկ աղջկան» գրքույկը՝ նվիրված Աստղիկ Ղոնդախչյանին. այն ընդգրկում էր մեկը մյուսին շարունակող երեք բանաստեղծություն։ Հաջորդ տարի՝ 1915 թվականին, լույս է տեսնում «Կապուտաչյա հայրենիք» պոեմը։ 1916 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում «Դանթեական առասպել» պոեմը։ Այդ օրերին էլ մեկնում է Մոսկվա՝ ուսումը շարունակելու Շանյավսկու համալսարանում, և մնում է այնտեղ մինչև 1917 թվականի գարունը։ 1918-1920 թվականներին գրում է «Սոմա», «Ամբոխները խելագարված» պոեմները և «Ողջակիզվող կրակ» շարքը։ 1920-1921 թվականներին Չարենցը գրում է «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները։ 1922-1924 թվականներին Չարենցի նոր որոնումների շրջանն է. ստեղծվում են «Պոեզոզուռնա», «Կոմալմանախ» ժողովածուները, «Ռոմանս անսեր» պոեմը, «Ասպետական» ռապսոդիան, «Կապկազ թամաշան»։ 1915 թվականին նա զինվորագրվում է Քանաքեռում կազմավորվող հայկական կամավորական խմբերին և որպես սանիտար, նաև որպես կռվող զինվոր՝ հասնում է մինչև Վան։ 1930-ականներին Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի Ռուսաստան, քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է՝ բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա։ Խաչիկ Դաշտենցին Չարենցն ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։
Կապուտաչյա հայրենիք
Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն, Պատուհանիս առաջ երկա՜ր ու երկա՜ր. Նայել պահվող ճամփաներին անանուն Ու երազել խնդություններ արևառ։ Նայել կանաչ հովիտներին՝ արևի Իրիկնային երանգներով շղարշված, Խմել լուսե երանգները վերևի՝ Երջանկացած ու հարբած։ Ականջ դնել ցորենների շշուկին Եվ սպասել, որ շշուկները բուրեն Ու երգ դառնա երկնասլաց իմ հոգին Ու երազները մեղմորեն օրորեն։ Ես սիրում եմ նստել մենակ ու անձայն, Աչքերս հառել հուրհրատող երազին, Լսել ձայներ, որ զնգացին ու անցան Երանգների պես իրիկվա երազի։ Ապրել՝ հարբած երազներով իրիկվա, Սուզվել անտես՝ աղբյուրների կարկաչում,— Հարբե՜լ, հարբե՜լ ու մոռանալ առօրյան Եվ հավատալ, որ հեռվից բախտն է կանչում…
Կա հոգեկան անհունության մի վայրկյան, Երբ ամեն ինչ սուրբ է թվում ու անբիծ, Երբ երազ է դառնում տաղտուկ առօրյան Ու դառնում են ուղևորները ճամփից։ Դուռս բաց է, դուռս բաց է ձեզ համար Օ՜, հեռավոր բարեկամներ ու քույրեր. Սիրտս վառել է կրակները անմար՝ Հին երազներն ու կարոտները հրե։ Սիրտս վաղո՜ւց ձեր գալուն էր սպասում, Հավատում էր կարոտակեզ, որ կգաք, Ու կլինի հանդիպումի երազում Քաղցր ժպիտ ու խնդություն, ու կրակ։ Ա՜խ, ես գիտեմ, որ դուք կգաք, խնդագին, Լո՜ւյս կվառեք մառախուղում ու մուժում— Ու մի անմար կարոտանքով կրկնակի Ճամփա կընկնենք իրիկնային մշուշում…
Օ՜ հեռավո՜ր, կապուտաչյա՜ սիրուհիս.— Հովիտի մեջ փրփրուն գետն էր հոսում Եվ անդադրում պատմում էր ինձ, որ ունիս Դու գգվանքներ ու գրկանքներ սերասուն։ Այնտեղ, կանաչ ու ծաղկաշատ գետափին Տնակս այնքա՜ն հոգեթով էր ու անդորր. Լսում էի ալիքների երգը հին, Որ ինձ թվում էր մայրական մի օրոր։ Ալիքների հազարաձայն երգի մեջ Ես գիտեի գուշակել քո ապագան, Լսում էի կարոտերգերդ անվերջ, Լսում էի խոստումներդ՝ ես կգա՛մ։ Ուռին, բարդին ու թթենին գետափնյա Լսում էին ինձ հետ երգերը ջրի Ու սիրտ շոյող շշուկներով դյութական Թախծում էին մենության մեջ օրերի։ Ա՜խ, իմ գետակն ու իմ այգին հայրական, Գետեզերքին՝ իմ երազը տխրամած. Ե՞րբ, ե՞րբ էր, որ ասացիր՝ ես կգամ— Ու խոստումիդ սիրտս խնդաց ակամա…
Օ՜ հեռավո՜ր, կապուտաչյա՜ սիրուհիս… Հովիտի մեջ փրփրուն գետն էր հոսում Ու փսփսում էր երազներ անհունի Գորշ օրերի միանման երազում։ Ելնում էր մայրս տնակից հնամյա, Ծեր քայլերով գնում էր ափը ջրի Ու թթենին մեղմ օրորում էր նրա Թախիծը հին, անհրապույր օրերի… Ես չըգիտեմ, ես չըգիտեմ հիմա էլ՝ Աղջի՞կ ես դու, թե այն տնակն ու այգին, Ուր հոսեցին իմ երազները ջահել Ու վայրկյանները անսփոփ պատրանքի։
Բայց ես գիտեմ, որ սիրեցի քեզ մի օր, Երբ հասկացա, որ աշխարհում դու չկաս, Բայց երազի ուղիներով հեռավոր Դու մի գիշեր պիտի իջնե՜ս, պիտի գաս։ Հավատացի որ կտեսնեմ քեզ մի օր, Ու կլինես դու իմ անբիծ հարսնացուն՝ Արևների նման պայծառ, լուսավոր, Ճաճանչների նման Վահագն Աստըծու։ Աներևո՛ւյթ, կապուտաչյա՛ սիրուհիս, — Գիշերների տխրության մեջ լուսընկա, Սիրտս տալով շշուկներին անքունի Ես մեն-մենակ լույս ճամփաներդ ընկա…
Որոնումիս ճանապարհին անծանոթ Չհոգնեցի, չհոգնեցի ես երբեք։ Այրում էր իմ սիրտը հեռու մի կարոտ, Կանչում էր լույս հեռուներդ անեզերք։ Գնո՜ւմ էի գիշերային իմ ճամփով Ես միայնակ ու տրտում։ Միայն կարոտս էր հեքիաթում հոգեթով Երազանքներ անպատում։ Ու լուսընկա ուղիներում անանուն— Կարոտակեզ, սիրակեզ, Անբառ սիրով ու կարոտով մի անբուն — Քեզ սպասում էի ես։
Ու լուռ էր այնպես։ Հեռու-հեռևում Մի հազարամյա վանք էր երևում։ Փայլում էր ոսկին հնամյա խաչի— Եվ ես կանգ առա նրա առաջին։ Ճամփան՝ ոլորուն՝ դեռ իջնում էր վար, Դեպի դաշտերի գիրկը, ուր չկար Մարդկային աղմուկ ու երգ, ու շառաչ,— Երազ էր կարծես՝ անապատ դառած։ Ու լուռ էր այնպես։ Վայրկյանն էր հոսում։ Ու հին լռության լաբիրինթոսում Սպասում էին դաշտ, հովիտ ու քար— Կարծես թե մեկը այցի պիտի գար։
… Եվ մի օր ես այն հին վանքը մտա։ Շուրջը կաղնիներ հաղթ բազմել էին։ Երգում էր անուշ զանգը հնամյա Ու թախծում էին գորշ քարերը հին։ Եվ այն հին վանքի կամարների տակ, Ուր մի անիմաց, անիմանալի Գոյության ճախրում կա լուրջ ու պարփակ՝ Ես ծունկ չոքեցի աղոթքներով լի։ Թեկուզ չվառվեց տոնական բույլով Ջահը վերևի, ջահը հազարաչ. Թեկուզ չբացվեց վարագույրը մով Եվ ոչ մի ծնծղա անուշ չզնգաց. Թեկուզ ոչ մի երգ չլսվեց վանքի Այն հազարամյա կամարների մեջ— Բայց հոգիս զգաց մի հին բերկրանքի, Բախտավորության ու սիրո վայրէջք։ Ու սիրտս լցվեց անհուն մի խնդում։ Հասկացա, որ կա, կգա, կլինի… Ու ժպտում էր ինձ երկիրը տրտում, Երկիրը ցավի, սուգի, արյունի…
Վերադարձա տուն… Վայրկյանն իմաստուն, եկել է ահա։ Գնացել են մեր հնձվորներն արդեն Ու հսկում եմ ես հին շեմքի վրա։ Գնացել են մեր հնձվորներն արդեն։ Ես մենակ նստած սպասում եմ լուռ։ — Ճերմա՜կ սիրուհիս, ես գիտեմ, գիտեմ, Որ նրանք հիմա հնձում են տխուր… Ցավում է հոգիս ու խոցվում է խոր. Վառվում է քո հին կարոտն իմ հոգում։ Բայց ինչո՞ւ է սիրտս այսպես բախտավոր Եվ ինչո՞ւ է ցավն այսպես ամոքում… Հնձում են հիմա հնձվորներն այնտեղ. — Ճերմակ սիրուհի՜, կապուտաչյա քո՜ւյր… Արևը հիմա այրում է այնտեղ Խե՜ղճ հնձվորների կրծքերը մաքուր… Իսկ ես անսփոփ սպասում եմ դեռ Վերադարձների բերքառատ ժամին։ —Օ՜, հեռու իմ քույր, երկիր իմ անտեր — Այնտեղ, երևի, քրքջում է քամին…
Օ՜, իմ հեռու, կապուտաչյա՜ սիրուհի, Երկիր իմ որբ, արնաքամ ու ավերակ… Օրերում այս տառապանքի ու մահի Վառել է իմ սիրտը հեռու մի կրակ։ Օրը կգա։ Ու հեռավոր դաշտերից Մեր հնձվորները, հոգնաբեկ, կգան տուն։ Կբոլորեն սեղանի շուրջը նորից Ու կլինի հազար ծիծաղ ու խնդում։ Ու խնջույքում, աներևույթ դու կգաս, Սիրտս կզգա քո թովչությունը մոտիկ. Եվ չես լինի դու արնավառ մի երազ, Ու կխնդան քո զավակներն անոթի… Կտեսնեն քեզ հանկարծ լուսե՜ ու պայծառ Ու կլինես դու հարազատ ու անուշ։ Մութը կանցնի ու մառախուղը անծայր Հուշ կդառնա, հնամենի մի զրույց…
Կապուտաչյա՜ սիրուհիս, ամուսնանանք պիտի մենք Արևի տակ՝ հայրենի հովիտներում կանաչուն։ Ու հնամյա աշխարհում մենք բախտավոր կլինենք, Կապուտաչյա՜ սիրուհի՛ս, դրախտայի՜ն իմ թռչուն։ Հովիտներում հայրենի, հովիտներում սրբազան Կլինի մի հարսանիք հազարնվագ ու խնդուն, Երգ ու ծիծաղ կլինի ու աղջիկները կգան Ու կպարեն հնամյա պարերը խե՜նթ ու ճկուն։ Ու գինիներ կլինեն արնափրփուր ու կարմիր, Որպես երազն արյունիս, որպես հոգուս զոհը հիր։ Ու ծաղիկներ կլինեն բազմաբույր ու բազմերանգ՝ Հարսանիքիս խնջույքին փսփսալու են նրանք Առասպելները ապրըված ու զրույցներ հնամյա Նրանց մասին, որ չկան ու մոռացվել են հիմա։ Եկե՛ք, եկե՛ք հարսանքիս օրն այնքան երգ կլինի, Այնքան խնդում ու ծիծաղ, այնքան ցնծանք արյունի,— Եկե՛ք, եկե՛ք, սրբազան հովիտներում հայրենի Վաղը մի սուրբ խրախճանք, մի հարսանիք կլինի։
Մեծերը Չարենցի
մասին
-Չարե՜նցը, Չարե՜նցը… «Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում…»: Անոր չհանդիպած՝ գիտէի արդէն իր այս քերթուածը: Սկսած էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամէն մէկ բառը բացատրել տուած էի ու գրեթէ գոց սորված: Զայն մինչեւ այսօր կը նկատեմ մեր երկրին, մեր հողին, մեր պատմութեան նուիրուած ամէնէն գեղեցիկ երգը: Գովաբանման աղօթքը, «Հայր մեր» -ին նմանվող աղօթք մը:
ՈՒԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ
Չարենցը խոհուն, զարգացած, մեծ էրուդիցիայի տեր անձնավորություն էր՝ անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլոր ազգերի գրականությունները գիտեր, լավ ճանաչում էր և մեծ ճաշակի տեր էր ... Եղիշե Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա ողջ մնար, դեռ ինչե՜ր կարող էր տալ: Համենայն դեպս, նա ինչ-որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ։
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
… Ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը և արքան, մարդու հայրենիքի այս հարատև կռվի ոչ մի պահը չուրացած և ոչ մի մարտը չշրջանցած, արյուն տվող գահակալ բարձունքի հասած մարտիկը:
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
... Չարենցի անունը պայթեց ռումբի նման: ... Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես` Եղիշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ:
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ
Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը: Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով: Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է:
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
Մեծ է լինում մեծերի սերը ու մեծ է լինում տառապանքը: Դժվար է մեր դարավոր գրականության մեջ գտնել մի այլ չափածո գործ, որ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծության սիրո ուժը ունենար:
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
Մեր դարի ճակատը պսակված է մի շարք բանաստեղծների պայծառ անուններով, Ֆրանսիայում՝ Ապոլիներն ու Էլյուարտը, Գերմանիայում՝ Ռիլկեն, Իսպանիայում՝ Գարսիա Լորկան, Ռուսաստանում՝ Մայակովսկին ու Եսենինը, Հայաստանում՝ Չարենցը ու Իսահակյանը:
ԼՈՒԻ ԱՐԱԳՈՆ
Չեմ էլ հիշում, թե երբ եմ առաջին անգամ լսել կամ կարդացել «Ես իմ անուշ Հայաստանին…» Դա մեր այսօրվա աղոթքն է: Աղոթք, որը կարելի է թե՛ մտքում հյուսել, թե՛ մրմնջալ շշուկով, թե՛ արտասանել բարձրաձայն: «Ես իմ անուշ Հայաստանին», ավելի շուտ, բոլոր մասշտաբներից դուրս պաննո է: Պաննո՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանին: Դա անհիշելի ժամանակներից եկող Հայասա-Ուրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է: Դա մեր ազգի կենսագրության ու վարքի կենդանի արտացոլքն է, մեր կրած տառապանքների ու փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների, արհավիրքների ենթակա մեր ճակատագրի …
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
Նա մեր մեծագույն բանաստեղծն է, մեծ է նրա ազդեցությունը մեր գրականության վրա, մեր երիտասարդության վրա:
ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ
Այսօր հատկապես, առայժմ գոնե, Եղիշե Չարենցն է միակ իսկական պոետը կովկասա-հայ իրականության մեջ…
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
Հայաստանի երիտասարդ բանաստեղծներից մեկը հանկարծակի բռնկումով մի սքանչելի բան է ասել՝ «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում…»: Դարերի իմաստությունը, խորքն ու տարողությունն է ամփոփված այդ բառի մեջ: Արևահամ…: Ասացեք, խնդրեմ, կա՞ ճիշտ այդ բառի թարգմանությունը եղող մի բառ ուրիշ ազգերի լեզուների մեջ: Ո՛չ: Արևահամ բառը ուրիշ լեզվով իմաստ չունի, սակայն հայերենով ունի: Մեր մշակույթի մեջ արևը տարբեր է: Մեր բառերն արևահամ են մեր ժողովրդի բերանում, արևը հոտ էլ ունի: Երբ հայ տանտիկինը հագուստներ է փռում չորացնելու, ասում է՝ արևի հոտ ունի:
ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Հանճարեղ մարդիկ, որպես կանոն, ոգեշնչված դեմք չեն ունենում: Ես նրան բավականին շատ եմ հանդիպել և ամեն անգամ վիճել: Մենք համարյա ոչ մի բանում չէինք համաձայնում, տարբեր էինք գնահատում հայ արվեստի միևնույն երևույթները և տարբեր ձևով հասկանում հայ ժողովրդի պատմական տիպը: Իմ կյանքի ութսունամյա հասակում, եթե հնարավոր լիներ կյանքից ետ վերադարձնել մի քանի տասնյակ տարիներ, կցանկանայի նորից խոսքի բռնվել Չարենցի հետ և ասել, որ ճշմարիտը Չարենցն էր: Ասել նրան շատ բան, որ չհասցրեցի ասել այն ժամանակ…
ՄԱՐԻԵՏԱ ՇԱՀԻՆՅԱՆ
Չարենցը մեծ հանճարների մեջ ամենազարմանալին համարում է «ներքին երկաթյա կոնտրոլը», «հոգևոր նժարի» գործոնը, «որպեսզի ոչ թե նյութը տիրապետի հեղինակին, այլ՝ հեղինակը նյութին, - սակայն այնպես, - որ չկորչի և ոչ մի կարևոր ճյուղք, անգամ ոստ, անգամ ոստիկ»: Այս երևույթը տեղի է ունենում բուռն լարման ու շիկացման գերագույն էքստազի պահին, երբ բանաստեղծը երկնում է գեղարվեստական հրաշքը: «Ես իմ անուշ Հայաստանի…»-ն արտասովոր կենտրոնացման, ներքին երկաթե կոնտրոլի ծնունդն է, որի ամբողջացման մեջ բացառիկ դեր է խաղացել հոգևոր նժարը:
ՀՐԱՆՏ ԹԱՄՐԱԶՅԱՆ
Չարենցի մտքերը
- Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է:
- О՜, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր:
- Քո անցած ամեն մի ճամփին, ասա՛՝ սա՛ ուրիշ է արդեն:
- Պոեզիան էլ կռիվ է, բա ի՛նչ ... Գրողը պետք է ամեն ձևով գրի և արտահայտի իրեն։
- Եթե թշնամիներս հավանում են իմ արած քայլը, նշանակում է՝ ես սխալվել եմ:
- Գեղեցիկի զգացողությունը գրողի տաղանդի մի մասն է։ Առանց դրա՝ իսկական գրող չկա։
- Դասագիրքը մշակում է աշակերտի ճաշակը, զարգացնում է սեր դեպի լեզուն, ոճը, գեղեցիկի ըմբռնումը։ Աշակերտը պետք է կլանվի բովանդակությամբ, համակվի գաղափարով, բայց և պետք է հասկանա պատկերը, հիանա անսպասելի, դիպուկ գտնված համեմատությամբ։
- Ինքս ոչինչ չեմ գրել և չեմ գրում մանուկների համար, որովհետև դա համարում են լուրջ գործ, որ պահանջում է հատուկ աշխատանք և ժամանակ։ Եթե երբևիցե ազատ լինեմ ընթացիկ աշխատանքներից, կփորձեմ գրել։
- Զգացմունքը՝ զգացմունք, բայց պերսոնաժի մտածողությունն էլ պիտի ցայտուն ներկայացվի բեմից։ Ամեն մի պերսոնաժ՝ հանճարից մինչև էն տխմար արարածը, պիտի բեմում երևա նաև, ոնց որ ասում են, ինտելեկտուալ չափումների մեջ։
- Որքան էլ փոքր լինի մի ժողովուրդ և նրա գրականությունը, վերջինս չի կարող չունենալ ինքնատիպ, եզակի և անկրկնելի նրբերանգը, այն, որ հատուկ է միմիայն տվյալ գրականությանը և նրա լավագույն ներկայացուցիչներին... Որպես օրինակ՝ ես վերցնում եմ հայկական պոեզիան՝ նրա անցյալով և ներկայով...
- Եվ ես տեսնում եմ, որ այնպիսի վարպետներ, ինչպիսիք են մեր միջնադարյան աշխարհիկ բանաստեղծները՝ «այդ հանճարեղ ճորտերը», չի կարելի գտնել ուրիշ մի գրականության մեջ, իհարկե, ոչ թե նրանց հանճարեղության, այլ գույների ու երանգների, ձևի ու նյութի մշակման ինքնատիպության իմաստով։
- Յուրաքանչյուր բանաստեղծություն - ինքնին արդեն արհեստական է, այսինքն մի համակարգում, որ մարդը բնության օրենքներին հակառակ, ԻՆՔՆ է մտցնում կյանքի մեջ:- Բնության ադեկվատ կարգը - ՊՐՈԶԱՆ է, բանաստեղծությունը- մի՛շտ հնարովի է, միշտ- սուբյեկտիվ...
- «Մարդկություն» կոչվող կոլեկտիվի մեջ «տրագեդիա», «ողբերգություն» հասկացողությունը կարող է իմաստ ունենալ այնքա՛ն ժամանակ, որքան ժամանակ որ մարդիկ կդիտեն կյանքը անձնական, մի անկրկնելի անհատի տեսանկյունից: -ԱՅՍԻՆՉԻ, տվյալ մարդու մահը ա՛յն պատճառով է ինձ համար ողբերգություն, որովհետև նա ԻՆՁ համար անկրկնելի է: Իսկ եթե այդ ամենի վրա նայես կողմնակի աչքով.- «Ի՜նձ ինչ, որ քո հարազատը մահացել է...» - այստեղ վերջանում է «տրագեդիան» և սկսվում է մարդկային կյանքի օրացույցը. «Երեկ- դու, այսօր- ես, վաղը- նա...»:
- Կա Մեծարենց, կա Տերյան, — և բազում ուրիշ պոետներ կան, Բայց — Թումանյա՛նն է անհաս Արարատը մեր նոր քերթության։