Просмотр содержимого документа
«Դասավանդման պասիվ մեթոդներ»
Դասավանդման պասիվ մեթոդներ
Դասախոսություն
Դասախոսությունը ծավալով մեծ նյութի բանավոր ներկայացումն է, որն ունի ավելի խիստ, տրամաբանական բարդ կառուցվածք, տեղեկատվության մեծ ծավալ: Դասախոսության արդյունավետությունը որոշվում է նրա պլանի առկայությամբ և ուսանողներին դասախոսության պլանի մասին տեղեկատվությամբ: Դասախոսությունը լինում է մի քանի տեսակի, որոնք լինում են պասիվ և ակտիվ:
Պասիվ տեսակներն են.
Նախատեսված սխալներով դասախոսություն- Թեման ներկայացնելուց հետո դասախոսը հայտնում է, որ իր խոսքի մեջ կան որոշակի քանակի սխալներ: Դասախոսության ավարտին ուսանողները պետք է դրանք հրապարակեն:
Դասախոսություն-երկխոսություն-Սա երկու դասախոսների աշխատանք է, որոնք ընթերցում են նույն դասախոսությունը համագործակցելով ինչպես իրար հետ, այնպես էլ լսարանի հետ: Երկխոսության ընթացքում ներկայացվում է հիմնախնդիրը, իրավիճակների վերլուծությունը, լուծումների հիմնավորումը կամ հերքումը և համատեղ ճիշտ լուծման որոնումներ են անում:
Դասախոսություն (դիտողականության օգտագործմամբ)-Դասախոսություն է, որն ուղեկցվում է ցուցադրությամբ, նկարներով, լուսապատկերով, տեսաֆիլմերով և այլն:
Եվ ակտիվ տեսակները
Պրոբլեմային դասախոսություն-Դասախոսը սկզբում ուսանողներին ներկայացնում է պրոբլեմային խնդիր, իրավիճակ և ներգրավում է ուսանողներին այդ խնդրի վերլուծությանը: Հիմնվելով ունեցած գիտելիքների վրա, համատեղ լուծում են խնդիրը, հիմնավորում ստացված արդյունքները, ձեռք բերում նոր գիտելիքներ:
Դասախոսություն մամլո ասուլիսի տեսքով- Դասախոսի խնդրանքով ուսանողները գրավոր ներկայացնում են հայտարարված թեմայի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը և ամբողջ դասախոսությունն ընթանում է հարցերին պատասխանելու տեսքով:
Անհատական աշխատանք
Ուսանողներն ինքնուրույն իրականացնում են գործունեություն առանց դասախոսի ղեկավարման: Դասախոսը հանձնարարում է առաջադրանք, հետևում է կատարման ընթացքին, առաջացած խնդիրների դեպքում միջամտում է, տրամադրելով խնդիրների լուծման համար անհրաժեշտ օգնություն և ուսումնական գործունեության հետագա բարելավման ուղղությամբ անում առաջարկություններ:
Ցուցադրությունը և պատկերազարդումը
Ցուցադրությունը (դեմոստրացիա) ուսումնառողներին՝ երևույթներին, գործընթացներին, օբյեկտներին բնական վիճակում զննական-զգայական ձևով ծանոթացնելն են:
Որպեսզի ավելի ակտիվացվի ուսումնառողների ինքնուրույնությունը խիստ կարևոր է նրանց դիտարկվող առարկայի, երևույթի, գործընթացի բացատրություններին, վերլուծությունների ընթացքին, արդյունքներին ներգրավելը:
Պատկերազարդումը (իլյուստրացիա) ենթադրում է առարկաների, երևույթների ցուցադրումն ու ընկալումը, դրանց սիմվոլիկ պատկերներով: Պատկարազարդման միջոցներ են հանդիսանում պլակատները, քարտեզները, սխեմաները, աղյուսակները, նկարները, պատճեները, բազմագույն պլաստիկոպատ քարտերը, ալբոմները, հարթ մոդելները, գիտնականների նկարները, գրատախտակին արվող գծագրերը: Այս մեթոդները զուգակցվում են խոսքային մեթոդներով:
Գիտական հաշվետվությունը- ստեղծագործական գիտահետազոտական աշխատանքի արդյունքն է, որն իրականանում է հետազոտական աշխատանքի խնդիրների, մեթոդիկայի բովանդակության և արդյունքների մանրամասն շարադրանքի տեսքով: Բովանդակում է հետևյալ բաժինները՝ հետազոտության արդիականության, նպատակի, խնդիրների և մեթոդիկայի հիմնավորումը, օգտագործված գրականության ցանկը: Հաշվետվությունը շարադրվում է գիտական ոճով:
Գիտական հոդված
Բացահայտում է հետազոտողի տեսական և կիրառական աշխատանքի որոշ հարցեր: Այն բովանդակում է քննարկվող հիմնախնդրի արդիականությունը, գիտական տարբեր ուղղությունների զարգացման հեռանկարները, տեսական և փորձարարական աշխատանքների նկարագրությունը, հետազոտվող հիմնախնդրի լուծման վերաբերյալ եզրակացություններ ու մեթոդական հանձնարարականներ:
Հետազոտական աշխատանք
Ինքնուրույն ուսուցման մեթոդ է, որը պահանջում է անհատական ուղղվածություն, այն կիրառվում է թեզերի կամ այլ տեսակի հետազոտական աշխատանքներում, որոնք ավարտում են և ամփոփում ուսումնական ծրագիրը: Ուսանողը պետք է ցուցաբերի վերարտադրելու, հաշվետվություն ներկայացնելու, իր կամ մյուս ուսանողների հետազոտությունների արդյունքները գնահատելու կարողություններ: Այս գործընթացը ղեկավարվում է դասախոսների կողմից մի քանի ուսումնական կիսամյակների ընթացքում, որի ժամանակ քննարկվում է հետազոտության ամբողջ ընթացքը, ստացված արդյունքները:
1